Ալիևների ընտանիքի այցելությունը Շուշի, խոչընդոտել է որոնողական աշխատանքներին
Ալիևների ընտանիքի այցելությունը Շուշի, խոչընդոտել է որոնողական աշխատանքներին
Hraparak.am-ը գրում է․ Հունվարի 15-ից 17-ն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքի մշակույթի տան մոտակայքում և փլատակների տակ Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը ռուսական խաղաղապահ զորքերի ուղեկցությամբ իրականացրել է որոնողափրկարարական աշխատանքներ։
Աշխատանքներին պետք է մասնակցեր նաև Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, սակայն այդ օրը Շուշի պետք է այցելեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա կին, երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ու նրանց դուստրը, և ադրբեջանական կողմը թույլ չէր տվել հայկական մասնակցությունը։
«Ադրբեջանցիները չեղարկեցին որոնողական աշխատանքների թույլտվությունը։ Բայց քանի որ այսօր ամեն գնով պետք է անեինք, տրամադրված էինք այդ ուղղությամբ, խնդրեցինք ռուսական ԱԻՆ ղեկավարությանը, և նրանք գնացին որոնողական աշխատանքներն իրականացնելու։ Հայկական ԱԻՆ-ն ապահովել է այն ամենով, ինչ անհրաժեշտ էր։
Նրանք մտան Շուշի, որ սկսեն աշխատանքները»,- հունվարի 15-ի առավոտյան «Հրապարակ» թերթի հետ զրույցում ասել էր Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը, ով զբաղվում է Շիրակի զորահավաքային ռեսուրսի գերեվարված զինծառայողների վերադարձի խնդրով և կապի մեջ է խաղաղապահ զորախմբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ։
Այսօր արդեն Ավագյանն ասաց, որ եռօրյա որոնողափրկարարական աշխատանքներից հետո այդպես չի հաջողվել գտնել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Ղազարյանին, ով անհետ կորել էր Լեռնային Ղարաբաղի 45-օրյա պատերազմի ժամանակ:
«Երեք օր ամբողջությամբ քանդել են, որոնել են, չեն գտել։ Այսօր են ավարտվել աշխատանքները»,- նշեց նա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում