Մամուլ

Ռազմիկը հաջողությամբ կարողացել է խոցել թշնամու հրետանու շարասյունը, սակայն հրադադարից երկու ժամ առաջ գնդակը չխնայեց նաև նրա կյանքը

Ռազմիկը հաջողությամբ կարողացել է խոցել թշնամու հրետանու շարասյունը, սակայն հրադադարից երկու ժամ առաջ գնդակը չխնայեց նաև նրա կյանքը

Ռազմիկ Արսենի Մախմուրյանը ծնվել է 2002 թ․-ի մայիսի 16-ին, Արարատի մարզի Լանջազատ գյուղում։ Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Բնույթով անսահման համբերատար ու զուսպ, Մախմուրյանների օրինակելի ընտանիքի միակ արու զավակն էր, – Bavnews.am-ի հետ զրույցում ասաց Ռազմիկի քույրը՝ Անուշիկ Մախմուրյանը։

ՀՀ Պաշտպանության բանակ էր զորակոչվել 2020թ․-ի օգոստոսի 10-ին։ Եվ որքա՜ն էին ուրախացել հարազատները, երբ վիճակահանությամբ պարզվել էր, որ Ռազմիկը ծառայելու է Վայքի զորամասում (հեռու Արցախի վտանգավոր դիրքերից)։ Բայց ով իմանար, որ ծառայության անցնելուց մեկ ամիս անց պայթելու էր պատերազմի բոթը, որին իր ուղիղ ու կարևոր մասնակցությունը պիտի ունենար նաև Ռազմիկը, և ո՜վ իմանար, որ բոլորի համար դեռ երեխա Ռազմիկին այսքա՜ն հասունացնելու է այդ չարաբաստիկ կռիվը։

«Լինելով վարորդ, իր «Ուրալ»-ով այն աստիճան հմուտ մանևրելով է զենք մատակարարել ռազմաճակատ, որ նույնիսկ ամենափորձառու վարորդներն էին դժվարությամբ կարողանում։ Պատմում են, որ, պատահել է՝ գիշերով, առանց մեքենայի լույսերը միացնելու իրեն անծանոթ ճանապարհներով զենք է հասցրել դիրքեր՝ թշնամու անօդաչուների թիրախում չհայտնվելու նպատակով», պատմում է Անուշիկը։

razmik

Ռազմիկը հաջողությամբ կարողացել է խոցել թշնամու հրետանու շարասյուն, առաջին հարվածից ոչնչացրել է թշնամական մեկ ՏՕՍ համակարգ։ Մի ամբողջ գիշեր ընկերների հետ հաց է թխել, որ տղերքը սոված չմնան։

Ծառայակից ընկերների խոսքերով՝ նույնիսկ քնած ժամանակ բղավում էր. «Համազարկո՜վ, կրա՛կ»։ Եվ այո՛, այս ամենը ընդամենը 18 տարեկանում։ Իսկ ինչ է պետք տաքարյուն պատանուն կռվի դաշտում ոգևորվելու համար, եթե ոչ մարտական առաջադրանքների հաջող իրականացում։

Հենց այսպես էլ կռվեց մինչև պատերազմի ավարտը, մինչև իր երկրային կյանքի ավարտը։ Ռազմիկը եղել է Ջաբրայիլի թեժ մարտերում, այնուհետև Գորիսում, ապա՝ Կապանում։ Կռվեց մինչև վերջ, մի քանի անգամ խոցվեց մեքենան, բայց վերջինը, վճռորոշ գնդակը չխնայեց նաև նրա կյանքը։

anushik makhmuryan

Ռազմիկը զոհվեց 2020թ․-ի նոյեմբերի 9-ին Դավիթ Բեկ գյուղում, հրադադարից երկու ժամ առաջ։ Ճակատագրի հեգնա՞նք, թե՞ փրկության գին․ Աստծուն է հայտնի։ Բայց մի բան հաստատ է․ «գնացին ընտրյալները, լուսավորները։ Կարծես պահապան հրեշտակների պակաս ունեինք․ գնացին, որ լրացնեն բացը»։

Հայրենիքի համար կյանքը զոհելու պատրաստ արծիվ էին մեծացրել ծնողները։ Անմահացավ Ռազմիկը՝ մեծատառերով թողնելով իր անունը մեր պատմության մեջ։

Պատերազմի առաջին օրերից կամավոր ռազմաճակատ էր մեկնել նաև Ռազմիկի հայրը՝ Արսենը, ով 44 օր քաջաբար կռվեց թշնամու դեմ և վերադարձավ միայն որդու վիրավորվելու մասին լուրը լսելուց հետո, բայց որդին արդեն անմահացել էր։

Կիսվել նյութով