ՄամուլՏեսանյութ

5-ամյա Դավիթ Պետրոսյանը 12-րդ ռեկորդն է սահմանել (Տեսանյութ)

5-ամյա Դավիթ Պետրոսյանը 12-րդ ռեկորդն է սահմանել (Տեսանյութ)

Sputnik Արմենիան գրում է․ Մասիս քաղաքի եկեղեցու բակում երեկ` մարտի 20–ին, 5-ամյա Դավիթ Պետրոսյանը հերթական` 12-րդ ռեկորդն է սահմանել։

Հզոր ուժի տեր փոքրիկին հաջողվել է 2 մատով քաշել 2 հատ Lada Priora մակնիշի ավտոմեքենա, որոնց ընդհանուր քաշն անցնում է 2400 կգ-ը, իսկ մեկ մատով փոքրիկը քաշել է 1660 կգ քաշով Nissan Teana մակնիշի ավտոմեքենան: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Դավիթի հայրը` Յուրա Պետրոսյանը։

«Դավիթը 4 տարեկանից սկսել է ռեկորդներ սահմանել։ Շատ փոքր էր, երբ հասկացանք, որ տարօրինակ ուժեղ է։ Նախորդ տարի մարտի 28-ին նա սահմանեց իր առաջին ռեկորդը, այժմ` 12-րդը, որը նվիրում ենք 2016 թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հիշատակին»,– ասել է Յուրան:

davit petrosyan rekord

Հայրը նշում է, որ որդին շատ է տարբերվում իր հասակակիցներից։ Նա իր ողջ օրը նվիրում է մարզումներին, զբաղվում է սպորտով։

«Հեռախոսով, համակարգչով չի խաղում, փողոցում երեխաների հետ խաղալ չի սիրում, փոխարենը մեծ հաճույքով տառերն ու թվերն է սովորում»,–պատմում է հայրը։

Յուրան նշում է, որ ինքը թույլ չի տալիս, որ որդին իր ողջ ուժը կիրառի, չնայած զգում է, որ Դավիթն ավելին կարող է։

Նշենք, որ Դավիթ Պետրոսյանի անունն արդեն 12 անգամ գրվել է «Դյուցազնագրքում»։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով