Մամուլ

Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ու Հայկ Մարությանը հանդիպել են օդանավակայանի VIP սրահում. Երկար զրուցել են․ «Ժողովուրդ»

Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ու Հայկ Մարությանը հանդիպել են օդանավակայանի VIP սրահում. Երկար զրուցել են

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախորդ ամիս «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում բավականին հետաքրքիր մի իրավիճակի է ականատես եղել: Երեւան-Մոսկվա չվերթից առաջ օդանավակայանի VIP սրահում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սրճարանում նստած, զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Այնուհետեւ, երբ նախկին վարչապետի հետ զրույցն ավարտվել է, այլ սեղանի շուրջ Վիկտոր Սողոմոնյանը հանդիպել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որը Մոսկվա էր մեկնում Չեխիա գնալու նպատակով:

Նիկոլ Փաշինյանի իշխանության արմատական ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանի աջ ձեռքը համարվող Վիկտոր Սողոմանյանն ու Նիկոլ Փաշինյանին հավատարիմ ներկայացող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երկար ու ջերմ զրուցել են: Թե ինչի շուրջ են զրուցել վերջիններս, մեզ պարզել չհաջողվեց, քանի որ Սողոմոնյանը մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց, իսկ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ «Ժողովուրդ» օրաթերթին այդ թեմայով:

Հավելենք, որ Վիկտոր Սողոմոնյանի օրը ավարտվել է ՆՍՕՏՏ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ զրույցով: Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել: Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետը ավագանու նիստը չի վարել, քանի որ վատառողջ է: Ինչ է պատահել Մարությանին՝ դա էլ չկարողացանք պարզել. քաղաքապետի խոսնակը դարձյալ հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով