Մամուլ

Քոչարյանի աջակիցը ԱԱԾ է հրավիրվել Փաշինյանին «գործակալ» անվանելու համար

Քոչարյանի աջակիցը ԱԱԾ է հրավիրվել Փաշինյանին «գործակալ» անվանելու համար: Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Մինասյանին հունվարի 9-ին հրավիրել են ԱԱԾ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին իր ֆեյսբուքյան հրապարակումների համար։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մինասյանը։

«Գրել էի, որ Նիկոլ Փաշինյանը գործակալ է, որ  արտաքին քաղաքականության մեջ չի կողմնորոշվում, չի կողմնորոշվում լուրջ տարածաշրջանային հարցերում, խառնվում է դատական համակարգի աշխատանքին։

Կանչել, ասում էին՝ կարո՞ղ եք փաստ բերել, որ Նիկոլ Փաշինյանը գործակալ է, կործանում է Հայաստանի Հանրապետությունը»,– պատմեց Արմեն Մինասյանը՝ նշելով, որ ԱԱԾ աշխատակիցները պարզաբանել են, որ իր նմանատիպ գրառումներից օգտվում են մեզ ոչ բարեկամ հարեւան երկրները եւ արտատպում այդ գրառումները՝ մեր երկրի մասին բացասական տեղեկատվություն տարածելու նպատակով։

ԱԱԾ աշխատակիցները Արմեն Մինասյանին նաեւ վստահեցրել են, որ նրա քաղաքացիական գործունեությանը խոչընդոտելու միտում չունեն։ Արմեն Մինասյանը, այնուամենայնիվ, տեղի ունեցածը համարում է վերահսկողության սահմանում իր քաղաքացիական գործունեության նկատմամբ։

«Մեր ուժային կառույցները մտել են նոր փուլ, գնում է ինտերներտ գրաքննություն, նաեւ վիդեոհոլովակների գրաքննություն, որը տածարվում է քաղաքական եւ քաղաքացիական իմաստով։

Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում, այլ քաղաքացիական, մարդու իրավունքների պաշտպանությամբ եմ զբաղվում, իմ քաղաքացիական գործունեությունը սա խոչընդոտում է։ Այսինքն՝ երբ ես զգում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կործանում է մեր երկիրը, ես  պետք է պատասխան տամ, որովհետեւ դրա մասին բարձրաձայնում եմ»,– ասաց նա։

Արմեն Մինսյանը նշեց, որ շարունակելու է գրառումներ կատարել, որոնք, ըստ իրեն, օգնություն են ղեկավարությանը՝ կատարած սխալները հասկանալու, շտկելու առումով։  

Աղբյուր՝ news.am

Կիսվել էջում