Մամուլ

«Վերցրել եմ գետնից, որ որեւէ պատանու ձեռքը չընկնի». Ավանի փոխթաղապետը՝ իր գրպանում կաթուցիչ հայտնաբերելու մասին

«Վերցրել եմ գետնից, որ որեւէ պատանու ձեռքը չընկնի». Ավանի փոխթաղապետը՝ իր գրպանում կաթուցիչ հայտնաբերելու մասին

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Ներսես Պողոսյանն իր մոտ կաթուցիչ չի պահում։ Նա այսօր՝ մարտի 1-ին, News.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչպես են ոստիկաններն օրեր առաջ իր գրպանում կաթուցիչ հայտնաբերել։

«Այո, ինձ մոտ կաթուցիչ հայտնաբերվել է, բայց, ինչպես մամուլում են լուրեր շրջանառվում, թե նաեւ թմրանյութ է հայտնաբերվել, անիրական է։ Ես փողոցով քայլել եմ, տեսել եմ այդ կաթուցիչը, դրել եմ գրպանս, որ հանկարծ որեւէ պատանու ձեռք չընկնի։

Դեպքը տեղի է ունեցել Ոստիկանության ուժեղացված ծառայության ժամանակ»,- ասաց փոխթաղապետը եւ հավելեց, որ կաթուցիչը եղել է դատարկ վիճակում։

nerses poghosyan avan

Հիշեցնենք՝ shamshyan.com-ը հաղորդել էր, որ ոստիկանները Երեւանի Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանության բաժին են բերման ենթարկել Ներսես Պողոսյանին եւ եւս մեկ քաղաքացու:

Ավանի փոխթաղապետն ասաց, որ մյուս քաղաքացին իր ընկերն է, ում մոտ, ըստ նրա, խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։

Ներսես Պողոսյանը նշեց, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ եւ նշանակվել են մի քանի փորձաքննություններ։

Կիսվել նյութով