Մամուլ

Վանաձորում դանակահարել են «Վայֆայի Արո» մականվամբ՝ «Վենեցիա» սրճարանի տնօրենին

Վանաձորում դանակահարել են «Վայֆայի Արո» մականվամբ՝ «Վենեցիա» սրճարանի տնօրենին

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 14։50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոնքի շրջանի և ծնկան շրջանի կտրած-ծակած» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն  տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանները պարզել են, որ նա Վանաձոր քաղաքի բնակիչ 41-ամյա Արայիկ Սարկիսյանն է։

Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքում Սայաթ Նովայի անվան զբոսայգում գտնվող հայտնի «Վենեցիա» սրճարանի տնօրեն, հիվանդանոց տեղափոխված Ա․ Սարկիսյանը վիճաբանել է Վանաձոր քաղաքի բնակիչներ, եղբայրներ 27-ամյա Դավիթ Ղամբարյանի և 19-ամյա Գոռ Ղամբարյանի հետ։ 

Դրանից հետո Ա․ Սարկիսյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության հիմնական մեղավորը եղել է սրճարանի տնօրենը, ով Վանաձորում հայտնի է նաև որպես «Վայֆայի Արո» մականվամբ։

Սրճարանի տարածքում նա ու մի քանի հոգի հայհոյանքներ են հնչեցրել։ Եվ Դ․ Ղամբարյանը խնդրել է նրանց, որպեսզի դադարեցնեն հայհոյանքներ տալը, քանի որ սրճարանում մարդիկ կան, այդ թվում՝ աղջիկ։ Սակայն դա նրանց վրդովվեցնում է, ու սկսում են քաշքշել Դ․ Ղամբարյանին։ 

Գալով սրճարան, Գ․ Ղամբարյանը տեսնում է այդ ամենը և փորձում միջամտել վիճաբանությանը, սակայն Ա․ Սարկիսյանը շարունակում է հարվածներ հասցնել Ղամբարյան եղբայրներին։ Այդ ժամանակ եղբայրներից մեկը դանակով, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնապաշտպանության նպատակով հարվածներ է հասցնում Ա․ Սարկիսյանին։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով Ոստիկանության Լոռու վետերանների խորհրդի անդամների հետ, պարզում են՝ որտեղ է գտնվում Դ․ Ղամբարյանը։

Եվ նրա ընտանիքի անդամների հետ բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ մայիսի 23-ին, Դ․ Ղամբարյանը ինքնակամ ներկայանում է Ոստիկանության Բազումի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ 

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք՝ դանակը։

Կիսվել էջում