Մամուլ

39-ամյա պայմանագրային զինծառայողի են սպանել

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում օպերատիվ-տեղեկություններ են ստացվել, որ Վարդաբլուր գյուղի տներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Լոռու քրեական և Ստեփանավանի ոստիկանության բաժնի ծառայողները, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Մնացական Պողոսյանն է, ով մահացել է կրծքավանդակի աջ և ձախ կեսի հատվածներում ստացած «ծակած-կտրած» վերքերից։

Քրեական և համայնքային ոստիկանները ու Լոռու մարզային քննչական վարչության քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի ամբողջական մանրամասները պարզելու, կատարողի ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղցությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մ․ Պողոսյանին դանակի հարվածներ է հասցրել իր հարևանի 19-ամյա տղան, ում քրեական ու համայնքային ոստիկաները տաք հետքերով հայտնաբերել են։ 

Armlur.am-ին հասած լուրերի համաձայն՝ սպանվածը պայմանագրային զինծառայող է։

spanutyun
Կիսվեք ձեր էջում