Ավտովթար՝ Լոռու մարզում․ վիրավորների թվում հղի կին և անչափահաս կա
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Օձուն գյուղի խաչմերուկում, բախվել են «Opel Vectra» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, իսկ մյուսը՝ անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատարի տեղակալ Խաչիկ Եգանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռաֆիկ Բաբաջանյանը և Հայկ Երիցյանը։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Յուրի Բաղդասարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


