ԱշխարհՄամուլ

Ստամբուլում հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք կմատուցվի և 2 միջոցառում կանցկացվի:

Ստամբուլի մարդու իրավունքների պաշտպանության միությունը հայտարարել է, որ ապրիլի 24-ին, որը համարվում է Փոքր Ասիայում և Հյուսիսային Միջագետքում հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանության սկիզբը, Ստամբուլում հիշատակի միջոցառում կանցկացվի:

Նշվել է, որ միջոցառումն անցկացվելու է ժամը 12-ին Սուլթանահմեթ հրապարակում գտնվող Թուրքական և իսլամական արվեստի թանգարանի շենքի առջև: Ըստ հայտարարության՝ 1915թ այդ շենքը բանտ է եղել և Ստամբուլի հայերը մինչև աքսորվելը պահվել են այնտեղ:

Ինչպես հայտնում է «Ակոսը»՝ Ժամը 19։00 «Ապրիլի 24-ին մենք հիշում ենք, թե ինչ ենք կորցրել» կարգախոսի ներքո հիշատակի ակցիա կանցկացվի նաեւ Շիշխանե հրապարակում։

Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը ժամը 14:30-ին տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված 2011թ. ապրիլի 24-ին թուրք ծառայակցի արձակած կրակոցից սպանված պոլսահայ Սևակ Բալըքչըի հիշատակին:

Կիսվել նյութով