Մամուլ

Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին վերակենդանացման բաժանմունքում է «Հրապարակ»

Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին վերակենդանացման բաժանմունքում է

Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ մենք լուր ենք գրել, որ երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի եղբոր որդու` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանի և ոստիկանության աշխատակիցների միջև, որի արդյունքում ոստիկանները մեղմ ասած ուժ են կիրառել Արտակ Ալեքսանյանի և նրա հետ եղած անձանց նկատմամբ:

Պատճառը եղել է պարետատան կանոններին և ոստիկանի պահանջին չենթարկվելը: Մեզ պատմեցին, որ նշված օրը Արտակը իր ընկերոջ` ՔՊ-ական Ռոման Մուրադյանի հետ, որը սպորտսմեն է, և հայտնի է որպես Նորագյուղցի Ռոման, նստած են եղել Աբովյան փողոցում գտնվող «Կոնգ» ժամանցի օբյեկտում:  
Ոստիկանները մտել են օբյեկտ և հայտնել, որ պարետի որոշմամբ` այն պետք է փակվի, և ներկաներից պահանջել  են լքել տարածքը:

Ալեքսանյանն ու ընկերը փորձել են հանդարտեցնել ոստիկաններին՝ ասելով, որ ընտանիքներով՝ կանանց հետ նստած են, ինչից հետո ոստիկանները ըստ ականատեսների ավելի կոշտ  արտահայտություններ են արել, սկսվել է լեզվակռիվ, երկկողմ  քաշքշուկ։

Արդեն դրսում ոստիկանները ուժ են կիրառել եւ  Ալեքսանյանի եղբոր որդուն, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած, փռել են ասֆալտին ու բառի բուն իմաստով կնոջ աչքի առջեւ սամադուդ են արել: Մեզ պատմեցին, որ Արտակ Ալեքսանյանը միջադեպի արդյունքում գլխի շրջանում վնասվածներ է ստացել եւ երեկվանից գտնվում է բժիշկների հսկողության ներքո, վերակենդանացման բաժանմունքում։ Իսկ կինն էլ բազմաթիվ կապտուկներ ունի մարմնի տարբեր հատվածներում։

Աստղիկ ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատուրյանից չհաջողվեց Արտակ Ալեքսանյանի առողջական վիճակի, ստացված վնասվածքների մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալ, Ասատրյանը թերեւս մասամբ լսեց մեր հարցը, բայց ասաց, որ խոսել չի կարող, կոնֆերանսի է մասնակցում։ Ըստ երեւույթին Ալեքսանյանը սպասում է վերեւների զանգին, որ հասկանան՝ ինչ պարզաբանումներ են տալիս ԶԼՄ-ներին։

Ոստիկանությունից հաստատեցին միջադեպի լուրը․

«Հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է:

Նշված ծառայության ընթացքում Աբովյան փողոցի ակումբերից մեկի հաճախորդները, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին, հնչեցրել են հայհոյանքներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։ 

Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»:

Հ.Գ. Տեսանյութում լսվում է հայհոյանքներ, ինչ համար հայցում ենք ներողություն։

Կիսվել նյութով