Մամուլ

Հերքում․ Զախարովան չի հայտարարել Հայաստանից ծիրանի ներմուծման արգելքի մասին․ տեսանյութը դիփֆեյք է

Համացանցի հայկական տիրույթում մայիսի 27-ին տարածվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ընթացիկ տարում Հայաստանից ծիրանի ներմուծման արգելքի վերաբերյալ հայտարարությունը։ Այս մասին հայտնում է Civilnet-ը։

Տարածվող հրապարակումների համաձայն՝ Զախարովան իբր հայտարարել էր․ «Սահմանափակումը ուժի մեջ է մտնում անմիջապես և տարածվում է նախատեսված մատակարարումների ամբողջ ծավալի վրա»։

Որպես «ապացույց» տարածվել էր նաև բրիֆինգից տեսանյութ, որում Զախարովան խոսում էր Հայաստանից ծիրանի ներմուծման արգելքի մասին։

Մինչդեռ տեսանյութը կեղծ էր․ այն դիփֆեյք էր՝ գեներացված արհեստական բանականության գործիքների միջոցով։

Թեև վերջին շրջանում Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ է կիրառել Հայաստանից արտահանվող տարբեր ապրանքների նկատմամբ, սակայն Հայաստանից ծիրանի ներմուծման արգելքի մասին ո՛չ Զախարովան, ո՛չ ՌԴ այլ պաշտոնական կառույցներ կամ ներկայացուցիչներ հայտարարություն չեն արել։

Կեղծ տեսանյութի մասին

Ինչպես պարզել են Factor.am-ի մեր գործընկերները, տարածվող տեսանյութի համար օգտագործվել է Մարիա Զախարովայի մայիսի 7-ի իրական բրիֆինգի կադրերը, որտեղ նա կարմիր զգեստով էր։ Սակայն այդ օրը Զախարովան խոսել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների և Հայաստանի եվրոպական օրակարգի մասին, իսկ ծիրանի արտահանման կամ Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի ներմուծման արգելքի վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել։ 

Նա այս թեմային չի անդրադարձել նաև մայիսի 21-ի իր վերջին բրիֆինգի ժամանակ։ Բացի այդ, մայիսի 27-ին, երբ կեղծ տեսանյութը տարածվել էր հայկական տիրույթում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը լրատվամիջոցների հետ բրիֆինգ ընդհանրապես չի ունեցել։

Կիսվեք ձեր էջում