Մամուլ

Ջիլիզայում անձրև լցվել է բնակիչներից մեկի անասնագոմ, 28 խոճկոր անկել է

Լոռու մարզի Ջիլիզա գյուղում նախօրեին տեղացած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով բնակիչները վնասներ են կրել․ անձրևը լցվել է բնակիչներից մեկի անասնագոմ, 28 խոճկոր անկել է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրուցյում պատմել է Ջիլիզայի վարչական ղեկավար Մհեր Վարդանյանը։

«Կարկուտը երկար տեղաց, բայց մանր էր, տանիքներ չեն վնասվել։ Կարկուտից հետո հորդառատ անձրև էր, անձրևաջուրը լցվել էր բնակիչներից մեկի գոմը, 28 գլխուկ խոճկոր անկել է։ Անձրևաջուրը նաև նկուղներ, ավտոտնակներ է լցվել։ Բնակիչներից մեկի ավտոտնակում անձրևաջուրը լցվել է, պատ է փլուզվել»,–նշել է վարչական ղեկավարը։

Մհեր Վարդանյանի խոսքով, կարկուտի հետևանքով վնասվել են նաև բնակիչների դրած սատիլները, բերքատու ծառերը։

«Տնամերձ հողամասերում հիմնականում խնձորի, սալորի, հոնի, տանձի, ընկույզի ծառեր են։ Կարկուտի հետևանքով ծառերի մանր ցոգոլները թափվել են, գուցե բերք չլինի էլ։ Կարտոֆիլը ցանել ենք, բայց դեռ չի ծլել, կարտոֆիլը չի վնասվել, միայն բնակիչներից մեկն ասաց, որ հողն է փախել անձրևի հետևանքով, բայց մեծ չէ վնասը։ Ամեն դեպքում Աստծուն փառք, որ այսքանով պրծանք»,–ասաց Ջիլիզայի վարչական ղեկավարը՝ նշելով, որ փոխհատուցման համար բնակիչները չեն դիմել, միայն անկած խոճկորների տերն է դիմել։

Կիսվեք ձեր էջում