Պռոշյանում ավտոմեքենան վարելիս ամուսնու ինքնազգացողությունը վատացել է․ կինը ահազանգել է, սակայն բժիշկներն արձանագրել մահը
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում կայանված ավտոմեքենայի մոտ դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու պարեկները նշված բնակավայրում հայտնաբերել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա, որի կողքին էլ տղամարդու մարմին։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նաիրիի ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 72-ամյա Համլետ Ա.-ն է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը նշված «Volkswagen»-ի վարորդն է եղել և իր կնոջ հետ ինչ-որ տեղ մեկնելիս են եղել, երբ ճանապարհին ինքնազգացողությունը վատացել է, կինը զանգահարել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


