Մամուլ

Պարեկները բերման են ենթարկել օրենքով գող «Օշականցի Գևորիկի» եղբոր որդուն. նրան պատկանող «Vertu» հեռախոսի մեջ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզում ՊԾ գործունեության առաջին իսկ օրվանից ակտիվ պայքար են տարել ու շարունակում են տանել ապօրինի թմրամոլության դեմ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ հունվարի 20-ին, հերթական դեպքն են բացահայտել ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:

Ժամը 05:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի պարեկները Աշտարակ քաղաքի Սիսակյան ու Նարեկացի փողոցների խաչմերուկում թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա ձերբակալել ու ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել Օշական քաղաքի բնակիչ, 35-ամյա Գրիգոր Հ.-ին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, իսկ արդեն պարեկները նրա կողմից շահագործվող «Vertu» տեսակի բջջային հեռախոսի մարտկոցի պահոցում հայտնաբերել են կասկածելի փաթեթ, որում եղել է սպիտակ բյուրեղանման զանգված, իսկ վերարկուում գտնվող ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվել է 3 փաթեթ՝ լցված կանեփանման դեղնականաչավուն կիսաչոր զանգված, որը կշռել է մոտ 19 գրամ:

Արդեն ոստիկանության Աշտարակի բաժնում Գրիգոր Հ.-ն հայտնել է, որ իր մոտ եղած 3 փաթեթները կանեփ տեսակի թմրամիջոց են, որը ինքը ձեռք է բերել 2023 թվականի տարեվերջին՝ Օշականի գերեզմանատան հարակից դաշտից, իսկ բյուրեղանման զանգվածը ձեռք է բերել դարձյալ 2023 թվականին՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով, և այդ ամենը ինքը օգտագործում է իր անձնական կարիքների համար:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գրիգոր Հ.-ն օրենքով գող «Օշականցի Գևորիկի» եղբոր տղան է:

Կիսվել էջում