Մամուլ

«Որ ասում են՝ «Ռյան Էյրի» գները 35-40 եվրո են, այդքան չէ: Դա շոու է». Լեհական «LOT Polish Airlines» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աղվան Գրիգորյան

«Որ ասում են՝ «Ռյան Էյրի» գները 35-40 եվրո են, այդքան չէ: Դա շոու է». Լեհական «LOT Polish Airlines» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աղվան Գրիգորյան:

168.am-ն օրերս հրապարակում էր պատրաստել, որում ներկայացրել էր, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում քննարկման է դրվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի՝ եթե հակիրճ ներկայացնենք, «օդի տուրքի» 10.000 ՀՀ դրամ ազատման արտոնությունից կազատվեն այն ավիաընկերությունները, որոնք իրականացնում են առևտրային ավիափոխադրումներ դեպի իրենց կողմից վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով նոր օդանավակայաններ՝ սկսած առաջին թռիչքի մեկնարկի օրվանից, իսկ եթե ավելի պարզ նշենք, ապա «օդի տուրքից» ազատման արտոնությունները տրվելու են ոչ թե նոր քաղաքներից չվերթեր իրականացնող ավիաընկերություններին, այլ, փաստորեն, ըստ էության, նոր օդանավակայաններից չվերթեր իրականացնողներին:

Նախագիծն ըստ էության հարուցել է կլասիկ ավիափոխադրողների տարակուսանքը, քանի որ վերջիններս կարծում են, իսկ մի մասն էլ համոզված է, որ այս արտոնությունը վերաբերելու է միայն լոուքոսթ ընկերություններին, այն է՝ այս պահի դրությամբ արվում է սոսկ «Ռյան Էյրին» բացառիկ արտոնություններ տալու համատեքստում:

168.am-ը զրուցել է լեհական «LOT Polish Airlines» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աղվան Գրիգորյանի հետ:

– Ճի՞շտ ենք հասկացել, որ «օդի տուրքից» ազատման արտոնությունները տրվելու են ոչ թե նոր քաղաքներից չվերթեր իրականացնող ավիաընկերություններին, այլ, փաստորեն, ըստ էության, նոր օդանավակայաններից չվերթեր իրականացնողներին:

– Այո՛, նոր օդանավակայանից թռիչքներ իրականացնողների համար է սա: Պարտադիր չէ, որ նոր լինի ավիափոխադրողը. այն կարող է լինել ժամանակին թռած, հիմա մեկ տարի նույն ուղղությունը չշահագործած ընկերություն:

– Ենթադրենք՝ Դուք վերջին մեկ տարում այդ ուղղությունը չեք շահագործել, բայց այժմ շարունակելու եք նույն օդանավակայանից թռիչքներ իրականացնել: Այդ արտոնությունը Ձեզ տրամադրվելո՞ւ է:

– Ոչ իհարկե: Բայց կառավարությունը դեռ չի հաստատել դա: Գուցե ուսումնասիրեն, հասկանան, որ այդպես ճիշտ չէ: Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք ժամանակին: Հավասար պայմաններ են պետք բոլորի համար:

– Արդյո՞ք այս օրենքի ընդունման դեպքում անհավասար մրցակցային պայմանների խնդիր չի առաջանալու, չի՞ ստացվում, որ «օդի տուրքը» միայն բյուջետային ավիաընկերությունների համար է հանվում:

– Այս օրինագծի տակ կլասիկ փոխադրողներն էլ կարող են ընկնել, եթե մեկ տարի այդ ուղղությունը չեն շահագործել: Օրենքն ասում է՝ «երկրորդական օդանավակայանից՝ դեպի երկրորդական օդանավակայաններ»:

Քանի որ մեր Գյումրու օդանավակայանն այդքան բարվոք չէ, ու բոլորին հետաքրքիր չէ, և Հայաստանն էլ փոքր է, ու ընդամենը մնում է ընտրություն «Զվարթնոցի» մեջ, խնդիրն այստեղ է առաջանում: Այստեղից թռչողների համար այսպիսով ոչ շահավետ պայմաններ են ի հայտ գալիս:

– Այդ պայմաններում Դուք կկարողանա՞ք աշխատել շուկայում:

– Սա այնքան էլ վախենալու բան չէ: Դա կբերի նրան, որ ստիպված կլասիկներն էլ կիջեցնեն գները, որովհետև տոմսի արժեքը բաղկացած է հարկերից և տոմսի բուն արժեքից: Ստիպված երևի կլասիկ փոխադրողները պետք է այդքանի չափով իջեցնեն գները:

– Տեղ ունե՞ք տոմսերի գներն իջեցնելու:

– Խնդիրն այն է, որ, այսպես թե այնպես, կլասիկները լոուքոսթերների դիմաց մրցունակ չեն: Տարբեր են, իհարկե, սկզբունքները: Եթե քսանն էլ իջեցնեն, մեկ է, նրանք ավելի մատչելի են:

Մեծ չի լինելու տարբերությունը, մի 30-40 եվրոյի չափով: Այսօր եթե համեմատենք «Ռյան Էյրի» գները լեհականի ամենաէժան գների հետ… տեսեք, ճամպրուկ չկա, ուղեբեռով տոմսերի մասին եմ խոսում, 30-40 եվրո է ստացվում:

Էդ որ ասում են՝ «Ռյան Էյրի» գները 35-40 եվրո են, այդքան չէ: Դա շոու է: Նրանց միջին ամենաէժան տոմսն առանց ճամպրուկի ստացվում է մոտավորապես 180 եվրոյի կարգի, իսկ ճամպրուկով կստացվի 230 եվրո:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում