Մամուլ

Որպես անհայտ կորած որոնվող ​24-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է անդունդի մեջ

Որպես անհայտ կորած որոնվող ​24-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է անդունդի մեջ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն և ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենան գահավիժել է ձորը:

Ոստիկանները, փրկարարներն ու պարեկները ճանապարհից մոտ 500 մետր խորության մեջ հայտնաբերել են Opel​ մակնիշի ավտոմեքենա, սակայն այնտեղ իջնելու համար օգտագործեցին հատուկ ճոպաններ, քանի որ բավականին դժվարանցանելի և վտանգավոր էր այնտեղ հասնելը:

Անգամ մարզի ոստիկանապետն ու Բազումի բաժնի պետը առանց ճոպանների չկարողացան իջնել վթարված մեքենայի մոտ:

Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: ​Դեպքի վայր են ժամանել նաև մահացածի հայրն ու հարազատները, վերջիններս իրենց շնորհակալությունն էին հայտնում ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի, Գուգարքի և Տարոնի բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներին, ովքեր այսօր առավոտ ժամը 06:00-ից փնտրում էին մահացածին, քանի որ նրան որպես անհայտ կորած այսօրվանից ոստիկանությունը որոնում էր:

diak eritasard

Հարազատները նշում էին նաև, որ իրենց հետ ոստիկանները մոտ 70-80 կմ շառավիղով տարածքներում կատարել են որոնողական աշխատանքներ՝ Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Սպիտակ ուղղություններով, քանի որ կար կարծիք, որ հնարավոր է կամ Սպիտակից է վարորդը վերադարձել Երևան, կամ Դիլիջանից:

Դին մեծ դժվարությամբ փրկարարները, ոստիկաններն ու մահացածի հարազատները ճոպանի միջոցով դուրս բերեցին անդունդից:

Հարազատները նաև իրենց վրդովմունքն էին հայտնում քննիչների ուշանալուց, անգամ ցավը սրտներին ասում էին. 

«Շամշյան, դու Երևանից եկար, հասար, իսկ մենք 2 ժամ սպասում ենք Կիրովականի քննիչներին, բայց չկան, 3 ժամ է տղայիս դին անդունդում ընկած է, չեն թողնում տեղափոխենք, ինձ պետք չէ, թե քննիչը ինչ որոշում կկայացնի, թողեք՝ իմ տղուս ես տանեմ, հանձնեմ հողին, հետո ինչ ուզում ա, քննիչը անի»:

Ոստիկանության ծառայողները մի քանի անգամ խնդրեցին մահացածի հորն ու մյուս հարազատներին, որպեսզի համբերատար սպասեն քննիչների ժամանմանը:

Ի վերջո, 2.5 ժամ հետո նոր Լոռու մարզային քննչական վարչության քննիչները ժամանեցին, ովքեր էլ հայտնեցին, որ դին չի տեղափոխվելու այնքան ժամանակ, մինչև դատաբժիշկը չգա:

Դա ավելի զայրացրեց մահացածի հարազատներին, ովքեր չհամաձայնվեցին քննիչի որոշմանը, թե դատաբժիշկը գա նոր, մինչդեռ ոստիկանները ժամանակին դատաբժշկին բերել էին դեպքի վայր, իսկ դատաբժիշկը հայտնել էր, որ կարող են դին տեղափոխել դիահերձարան, որտեղ էլ ինքը կկատարի իր աշխատանքը:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի​ տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Կ.-ն է:

Կիսվել էջում