Մամուլ

«Մենք լսեցինք կառավարության հորդորը, ներկայացրեցինք շնչառության մեր սարքը, հետո հասկացանք, որ մեր աշխատանքն անիմաստ էր, դադարեցրինք»․ հայ ինժեներ

«Մենք լսեցինք կառավարության հորդորը, ներկայացրեցինք շնչառության մեր սարքը, հետո հասկացանք, որ մեր աշխատանքն անիմաստ էր, դադարեցրինք»․ հայ ինժեներ

168.am-ը գրում է․ Նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում երկրին, առողջապահության համակարգին աջակցելու նպատակով մի խումբ երիտասարդ ինժեներներ լծվեցին բժշկական նոր և քիչ ծախսատար շնչառական սարք ստեղծելու գործին։

Նախագծեցին ու դրա մասին էլեկտրոնային նամակով տեղեկացրեցին վարչապետին, առողջապահության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարներին։

Ինժեներ Արթուր Շահինյանի պնդմամբ՝ սարքը թթվածնով հարուստ օդ է մղում դեպի թոքեր և հարկ եղած դեպքում նաև թոքերից արտամղում է այն։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները չեն կարողանում նույնիսկ արտաշնչել, այս սարքավորումը նաև այդ հարցը կլուծի։

«Կառավարությունից ոչ թե կոնկրետ մեզ պատասխանեցին, այլ եթերում արձագանքեցին՝ խոսքն ուղղելով նմանատիպ կոնստրուկցիա սարքողներին՝ նշելով, որ պրոֆեսիոնալ սարքավորումներ են անհրաժեշտ, առաջին անհրաժեշտության օգնության սարքեր պետք չեն, իսկ մենք, բնականաբար, տնային պայմաններում պրոֆեսիոնալ սարք չէինք կարող պատրաստել։ Ու մենք իմաստ էլ չգտանք գործը շարունակել և առաջ գնալ։

Եթե օգնություն ցուցաբերվեր՝ այդ պրոֆեսիոնալ սարքը կարող էինք պատրաստել, բայց չեմ կարծում, որ այս պայմաններում, այսքան հիվանդների առկայության դեպքում սա Կառավարությանը կհետաքրքրի, որովհետև Հայաստանում 600-700 սարք կա, ու իմ տվյալներով՝ հիվանդներից մոտ 10 հոգուն են այդ սարքերը միացված։ Չունենք այն վատ սցենարը, որ դա պետք է կառավարությանը։

Ինձ թվում է՝  դա իրենց պետք կլինի վատ սցենարի դեպքում, երբ 700 հոգուց ավելի հիվանդ ունենանք, ովքեր արհեստական շնչառության սարքի կարիք կունենան։ Այդ ժամանակ կարող է իրենց հետաքրքրեն նման առաջարկները։ Բայց, Աստված չանի, որ այդքան հիվանդ լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Շահինյանը։

Նրա փոխանցմամբ՝ եթե սարքը միայն թթվածին պետք է մատակարարի հիվանդին, որ առաջին մի քանի օրերին մահվան չտանի, մոտավորապես 2000-3000 դոլար կպահանջվի՝ այն ստեղծելու համար։

«Սարքը հիմնականում առաջին օգնության ֆունկցիան է կատարում, մինչև կողմնորոշվեն, թե ինչ կարող են անել։ Ինքը ռեանիմացիոն չէ, որ օրերով, շաբաթներով աշխատի։ Առաջին անհրաժեշտության է, ասենք, ունենք հիվանդ, ով չի կարողանում շնչել, միացնում ենք սարքը 1-2 օր, մինչև տեսնենք, թե ինչ ենք անում։

Մեր ստեղծած սարքից ավելի թույլ, պարզունակ սարքեր կան Իտալիայում, որոնցով մարդկանց կյանքն այդ պահին փրկում են։ Իսկ այն պրոֆեսիոնալ մակարդակի  հասցնելու համար ինստիտուտ պետք է աշխատի, մի քանի հոգի չեն կարող տանը կամ լաբորատորիայում նստել ու բոլոր ստանդարտներին համապատասխանող սարք ստեղծել։ Նման գործարան, ինստիտուտ ունենալու գաղափարը Հայաստանին դժվար էլ հետաքրքրի։

Հիմա կարող է միլիոններ ծախսեն, նման ինստիտուտ կառուցեն, բայց վաղն այս ամենն անցնի, դա կմնա ու չի օգտագործվի։ Մինչև այս ճգնաժամային իրավիճակը ոչ ոքի չի հետաքրքրել այդ շնչառության սարքը, ոչ մեկը դրա մասին չի մտածել։ Նախկինում եղել է, ասենք, 200 սարք, որից 3-4 հատն են օգտագործել։

Եթե կլինեն ինչ-որ առաջարկներ, կաշխատենք այդ ուղղությամբ։ Մենք լսեցինք կառավարության՝ նման սարքեր սարքելու հորդորը, ներկայացրեցինք, հասկացանք, որ  մեր աշխատանքն անիմաստ էր։ Ոչ թե մեզ համար էր անիմաստ, քանի որ շատ ինֆորմացիա քաղեցինք դրանից, այլ իրենց համար»,- մանրամասնեց ինժեները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում