Մամուլ

Մարդկանց, իբր փող են տալիս, որ իրենց մահացած հարազատին գրանցեն որպես կորոնավիրուսով հիվանդ․ Փաշինյան

Մարդկանց, իբր փող են տալիս, որ իրենց մահացած հարազատին գրանցեն որպես կորոնավիրուսով հիվանդ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 16-ին պարետատան նիստից հետո անդրադարձավ ապատեղեկատվություն տարածելուն, ըստ որի մարդկանց, իբր փող են տալիս, որ իրենց մահացած հարազատին գրանցեն որպես կորոնավիրուսով հիվանդ:

«Այսօր մեզ ուղղված ամենամեծ քննադատությունը այն է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ է, ամեն օր մարդիկ են մահանում, այսինքն մենք մեզ քննադատողներին նոր գործի՞ք ենք տալիս»,-զարմացած ասաց Փաշինյանը:

«Ես լավ չեմ հասկանում այս բանը. մենք առաջին օրից ամեն ինչ արել ենք, որ 100 տոկոսով լինենք թափանցիկ: Չկա որեւէ ինֆորմացիա կորոնավիրուսի մասին, որ հասարակությունը տեղյակ չլինի:

Այո կատարվում է ապատեղեկատվության սկզբաղբյուրները ճշտելու աշխատանքը եւ շատ հետաքրքրիր փաստեր են արձանագրվում:

Օրինակ, երբ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացնում էինք մարդկանց, շատ որոշակի շրջանակներ, ես հիմա ասեմ ինչ լուր, դուք արդեն կկռահեք՝ ովքեր, ընդդիմադիր շրջանակների կողմից խոսակցություն է եղել, որ ոչ թե այնտեղ մարդկանց մեկուսացրել են, այլ այդ հյուրանոցում ընդհատակյա սեռական փոքրամասնությունների համաշխարհային կոնգրես է, դրա համար փակել են, որ մարդիկ չիմանան, ինչ է լինում:

Հասկանում եք, այդ աստիճանի ստոր, այս աստիճանի ցածր… հետագայում այդ նույն մարդիկ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը օգտագործել են կառավարության դեմ՝ ասելով, որ իրենք են լուրեր տարածել, որ կորոնավիրուս չկա:

Իրենք էլ են բախվել այդ խնդրի հետ, որովհետեւ էդ կոնկրետ քաղաքական մի շրջանակի ներկայացուցչի ընտանիքի անդամը, ով այդ լուրը տարածել է, ինքն էլ կորոնավիրուսով վարակվել է: Իհարկե, բոլորովին վերջերս.,-ասաց Փաշինյանը:

«Դուք հասկանում եք, թե ինչ աստիճանի ցածր եւ ինչ աստիճանի հակապետական գործունեություն կարելի է իրականացնել: Մենք այդ հարցերով զբաղվում ենք եւ եթե դե յուրե օրենսդրական միջոց չգտնվի, որովհետեւ օրենսդրական բացեր կան, պետք է քննարկենք այդ փաստերը հրապարակայնացնելու տարբերակը, որ հանրությունը գնահատական տա, թե ով ով է:

Ակնհայտ է, որ կոնկրետ քաղաքական շրջանակներ ուզում են որ հնարավորինս շատ մարդ մահանա, շատ մարդ վարակվի, տնտեսությունը հնարավորինս մեծ անկում ապրի, հնարավորինս մեծ պրոբլեմ լինի, որ այդ ճահճի մեջ իրենց տեսակը զարգանա: Իսկ թե ինչքանով են դրա հետ կապված կազմակերպչական աշխատանքներ տարվել, դա դեռ քննարկման հարց է, պետք է պարզել»,-ընդգծեց վարչապետը:

Կիսվել էջում