Մամուլ

Հայտնի է՝ երբ կվերականգնվի «Լամբադա» կամրջի երթևեկությունը

Երևանի Դավիթ Անհաղթ և Կոմիտաս փողոցները միացնող «Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, իսկ կամրջի երթևեկելի հատվածը շահագործման հանձնել նոյեմբերի 1-ին։

Այս մասին գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

Նրա խոսքով՝ նախատեսված աշխատանքների շրջանակում իրականացվելու են եզրային թռիչքի վնասված սալերի փոխարինում, պահպանվող սալերի ստորին հատվածների պաշտպանիչ բետոնային շերտի վերականգնում, մոտեցումներում անցումային սալերի և նոր դեֆորմացիոն կարերի իրականացում, ինչպես նաև նոր ջրամեկուսիչ շերտի և պաստառի տեղադրում։

«Նախատեսվում է նաև ռիգելների, հենարանների և հենապատերի վերանորոգում, բազրիքների ամրացում և ներկում, պաշտպանիչ ցանցերի և արտաքին լուսավորության մալուխատար ուղիների տեղադրում, ճանապարհային նշանների տեղադրում և գծանշման իրականացում»,- ասել է նա։

Դավիթ Անհաղթ և Կոմիտաս փողոցները միացնող «Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 10-ին։

Կիսվեք ձեր էջում