Մամուլ

Կտրուկ շրջադարձ Ուրիխանյանի կյանքում․ ի՞նչ քրգործ է, որը ստիպեց նրան լքել երկիրը․ «Հրապարակ»

Կտրուկ շրջադարձ Ուրիխանյանի կյանքում․ ի՞նչ քրգործ է, որը ստիպեց նրան լքել երկիրը

Hraparak.am-ը գրում է․ «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը վերաբերում է հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելուն։ Մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են դատախազությունից։

Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է սկսվել, սակայն Ուրիխանյանն այս պահի դրությամբ քրեադատավարական որեւէ կարգավիճակ չունի, գործով որպես մեղադրյալ ներգրավված չէ, նրան մեղադրանք առաջադրված չէ, եւ, հետեւաբար, հետախուզում հայտարարված չէ։

Թեեւ հայտնի է, որ նա Մոսկվայում է եւ այնտեղից լայվերով է հանդես գալիս։

Նոր քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելուն, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելուն կամ հայտարարագիր չներկայացնելուն», որի համար օրենսգիրքը 3-6 տարի ազատազրկում է նախատեսում։

Ենթադրվում է, որ հենց այս հոդվածով է քրգործը հարուցվել։

Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած հայտարարագրերը վերաբերում են նրա պատգամավորական գործունեությանը։ Նա Ազգային ժողովի պատգամավոր է եղել 2012-2021 թվականներին։ 2012 թվականի վերջին նա հայտարարագրել է BMW X5 մակնիշի ավտոմեքենա՝ 7 մլն 100 հազար դրամ արժողությամբ, 17 հազար ԱՄՆ դոլար ֆինանսական միջոցներ, իսկ եկամուտները կազմել են 1 մլն 745 հազար դրամ։

2013 թվականի վերջին Ուրիխանյանի ֆինանսական միջոցները կազմել են 11 հազար դոլար, 2013-ի ընթացքում նա որպես աշխատավարձ է ստացել 3 մլն 369 հազար դրամ եւ 23 հազար դոլար՝ որպես այլ եկամուտ, որի աղբյուրը նշված չէ։

2014 թվականի հայտարարագրում նշված է, որ նա օտարել է JEEP CHEROKEE մակնիշի ավտոմեքենա՝ 90 հազար, եւ BMW X5՝ 50 հազար դրամով, ինչն այս մակնիշի մեքենաների համար չափազանց ցածր գին է։ 2014 թվականի վերջին Ուրիխանյանը հայտարարագրել է 0 ֆինանսական միջոցներ, այդ տարի նա որպես աշխատավարձ ստացել է 4 մլն 801 հազար դրամ, 35 հազար դոլար՝ որպես փոխառություն, եւ վաճառված մեքենաների գումարները՝ 90 եւ 50 հազար դրամ։ 2015 թվականին նա որեւէ շարժական կամ անշարժ գույք, ֆինանսական միջոցներ չի հայտարարագրել։ Այդ տարի նա ստացել է 6 մլն 702 հազար դրամ աշխատավարձ եւ 15 հազար դոլար փոխառություն՝ վարկ։

2017 թվականին Ուրիխանյանը կրկին ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ «Ծառուկյան դաշինքի» ցուցակով։ Պաշտոնը ստանձնելու դրությամբ ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ուրիխանյանը 2017-ին 10 մլն դրամով օտարել է բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը, որի մասին նախկինում ներկայացրած հայտարարագրերում ոչինչ չի եղել նշված։

7-րդ գումարման ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու դրությամբ Ուրիխանյանի եկամուտները կազմել են 16 մլն 603 հազար դրամ։ 2017-ի տարեկան հայտարարագիրն ամբողջությամբ կրկնում է պաշտոնը ստանձնելու պահին ներկայացրած հայտարարագրի տվյալները։

2018-ի տարեկան հայտարարագրում Ուրիխանյանի եկամուտները կազմել են 7 մլն 556 հազար դրամ, այդ տարի նա որեւէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել։ 2019-ի տարեկան հայտարարագրում, երբ Ուրիխանյանն ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր էր՝ ընտրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով, հայտարարագրել է անհատական բնակելի տուն Կոտայքի մարզի Առինջ համայնքում։

Ուրիխանյանի բանկային հաշիվներին տարվա սկզբին եղել է 2 մլն 981 հազար, տարվա վերջին՝ 1 մլն 442 հազար դրամ։ Տարեվերջին Ուրիխանյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 800 հազար դրամ։

2019-ի ընթացքում նա Ազգային ժողովից ստացել է 8 մլն 914 հազար դրամ աշխատավարձ, ֆինանսների նախարարությունից՝ 2 մլն 981 հազար դրամ՝ որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ (տեսակը չի նշվում), եւ 35 հազար դոլար վարկ՝ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ից։ 2020 թվականի վերջին Ուրիխանյանի բանկային հաշիվներին առկա է եղել 1 մլն 629 հազար դրամ գումար, կանխիկ դրամական միջոցները կազմել են 7 մլն 500 հազար դրամ։ 2020-ի ընթացքում նա ԱԺ-ից ստացել է 7 մլն 641 հազար դրամ աշխատավարձ եւ 2 մլն 715 հազար դրամ՝ ֆինանսների նախարարությունից։

2021 թվականին Ուրիխանյանը հայտարարագրել է 7 անշարժ գույք՝ հողամաս, 3 անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա, հողին ամրակայված 3 այլ անշարժ գույք՝ բոլորը բաժնային սեփականության իրավունքով։ 2021-ին Ուրիխանյանը հայտարարագրել է նաեւ 2007 թվականի արտադրության Hummer մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականին։

Պատգամավորական գործունեության ավարտին, ըստ հայտարարագրի, Ուրիխանյանի բանկային հաշիվներին առկա գումարը կազմել է 1 մլն 460 հազար, կանխիկ գումարը՝ 4 մլն 200 հազար դրամ, եկամուտները՝ 4 մլն 746 հազար դրամ։ Թե երբ եւ ինչ չափի միջոց է Ուրիխանյանը ենթադրաբար թաքցրել, դեռեւս չի հայտնվում։

Այս պահին Ուրիխանյանը Հայաստանում չէ։ Օրեր առաջ նա տեսաուղերձ հրապարակեց Մոսկվայից, որում նախ հաստատեց, որ իր հետ կապված քրեական գործ կա հարուցված։ Նրա խոսքով՝ այս պահին ինքը պլանավորում է գործողություններ, բացահայտումներ անել, որոնք պետք է մեծ փոփոխությունների սկիզբը դնեն։ Ուրիխանյանը հայտարարեց, որ իր քաղաքական կարիերան Հայաստանում ավարտված է, չի հետապնդում որեւէ նպատակ, չունի որեւէ նկրտում։

«Որեւէ քաղաքական կամ պետական գործունեության մասին խոսք գնալ չի կարող, որեւէ հավակնություն չունեմ, ոչ մի ակնկալիք չկա եւ լինել չի կարող։ Իմ կյանքում  հայաստանյան քաղաքական տիրույթը համարում եմ փակված, ավարտված, սպառված»,- ասաց Ուրիխանյանը։

Նա նաեւ հայտարարեց, թե վիդեոթողարկումների շարք է սկսելու, որոնցով բացահայտումներ է անելու, թե երբ է լինելու հաջորդ պատերազմը, ովքեր են դատվելու դրա արդյունքում, ինչ կապ ունեն այդ ամենի հետ Գագիկ Ծառուկյանը, հայաստանյան օլիգարխիայի այլ ներկայացուցիչներ։

«Ես հասկանում եմ, որ սրանից հետո Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի, Ռոբերտ Քոչարյանի, իշխանական, պոակախառը, սորոսական մեդիայի, ամերիկացիքի սիրած կայքերի եւ անհատական տեղեկատվական հարթակների համար ես դառնալու եմ սեւացման առարկա»,- ասաց Ուրիխանյանը՝ հավելելով, որ 10 նման տեսանյութերի հրապարակումից հետո ժողովուրդը քայլ է անելու, որից հետո փոխվելու է ամեն ինչ։

Կիսվել նյութով