Մամուլ

Կարևորը մարդկային կյանքերն են, շրջանցեք թնդանոթները. Աննա Հակոբյանը խոսել է Մոսկվայում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդես է եկել ելույթով Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, որում խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին և առաջարկել ներկաներին միանալ իր՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին:

Ելույթը, որը տարածել է ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակը, ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Բարև ձեզ, սիրելի տիկնայք։

Շնորհակալ եմ մեր հրավերին արձագանքելու և այսօր ձեր ներկայության համար։ Ուրախ եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ անձամբ ծանոթանալու հնարավորության համար։ Ինձ համար իսկապես մեծ պատիվ է իմ մտքերը կիսել ձեզ հետ։ Եվ ես ակնկալում եմ, որ դուք իսկապես կհասկանաք ինձ, իմ մոտիվացիան, և այն առաջարկություն-խնդրանքը, որ ես կներկայացնեմ, դրական արձագանք կստանա։

Ինչի՞ համար էր այս նախաբանը։ Խնդիրն այն է, որ այն հարցը, որի վերաբերյալ ուզում եմ ձեր աջակցությունը ստանալ, բավական նուրբ է, ունի աշխարհաքաղաքական համատեքստ, խաչմերուկ է գլոբալ քաղաքական խնդիրների համար։ Բայց ես ուզում եմ ձեզ խնդրել իմ  խոսքն ընդունել որպես մոր և կնոջ խոսք, բացառապես՝ մոր և կնոջ։

Խոսքը ղարաբաղյան հակամարտության մասին է։ Չգիտեմ, թե ձեզանից յուրաքանչյուրը որքանով է ծանոթ ղարաբաղյան խնդրին, և չեմ էլ ուզում ձեզ հոգնեցնել հակամարտության ակունքներին վերադառնալով կամ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացնելով։

Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։  Կարևորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց։ Ներկայացնեմ  միայն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի պատկերը։ Հայկական կողմն ունեցավ 100 զոհ, գերակշիռ մեծամասնությունը՝ 18-20 տարեկան երիտասարդներ։ Ադրբեջանական կողմն ունեցավ մի քանի հարյուր զոհ և կրկին գերակշիռ մեծամասնությունը՝ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ։

Պատերազմի օրերին, լինելով լրատվամիջոցի ղեկավար՝ 24 ժամ հետևել եմ հայկական և ադրբեջանական լրահոսին, դիտել եմ բոլոր ռեպորտաժները։ Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած և անհանգիստ։ Այսինքն՝ եթե իրար կողքի կանգնեցնեինք հայ և ադրբեջանցի 18-ամյա զինվորներին և ուղղակի նայեինք նրանց հայացքներին․․.

Սակայն ունենք այն, ինչ ունենք, ու կարևոր չէ, թե պետություններից յուրաքանչյուրն ինչ ստացավ այդ պատերազմից, ով գոհ մնաց, ով՝ դժգոհ։ Կարևորն այն է, որ երիտասարդ և լուսավոր կյանքեր ոչնչացան, ընտանիքներ որբացան, և երկու երկրում էլ որդեկորույս մայրերի նոր բանակներ ձևավորվեցին։

Այժմ հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում՝ ես չեմ կարող լռել և իմ ձայնը չբարձրացնել։ Ես ուզում եմ ասել, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը։ Ես հասկանում եմ, որ կան շահեր, կան խնդիրներ, բայց ուզում եմ որպես մայ և որպես կին հորդորել հակամարտության բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ այդ շահերը սպասարկել շրջանցելով ավտոմատներն ու թնդանոթները։ Ես հասկանում եմ, որ լինում են իրավիճակներ, երբ դա անխուսափելի է, բայց եթե կա թեկուզ չնչին հնարավորություն՝ շրջանցելու պատերազմը, պետք է օգտագործել այն։

Ղարաբաղյան հակամարտության դեպքում տարիներ շարունակ ապացուցվել է, որ հնարավոր է շարժվել դիվանագիտական ճանապարհով, բանակցություններով հասնել կարգավորման։ Եվ միայն վերջին տարիներին է, որ ռազմական լուծման հավանականությունը առաջին պլան է մղվել և նույնիսկ՝ փորձարկվել 2016 թվականի ապրիլին։

Ես ուզում եմ իմ ձայնը բարձրացնել և կոչ անել ներգրավված բոլոր երկրների ղեկավարներին՝ հետ շրջել անիվը, վերադառնալ խնդիրը բացառապես դիվանագիտական բանակցային ջանքերով լուծելու հավատամքին և թույլ չտալ նոր սանձազերծում, նոր զոհեր, նոր տառապանքներ երկու ժողովուրդներին էլ։

Եվ ես խնդրում եմ ձեզ միանալ իմ այս կոչին։ Միասին մեր ձայնն ավելի լսելի կլինի։ Խնդրում եմ այցելել Արցախ  և այս ուղերձը այնտեղից հղել՝ էլ ավելի լսելի դառնալու համար։

Դուք առաջինն եք, ում հետ ես կիսում եմ իմ այս մտքերը, և առաջարկում եմ միանալ իմ՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, որը պետք է փորձի լայն ընդգրկում ունենալ և ժամանակի ընթացքում խոսել ոչ միայն ղարաբաղյան հակամարտության, այլև աշխարհի տարբեր թեժ կետերի մասին, առնվազն՝ այն կետերի, որոնց դեպքում իսկապես խաղաղությունը ֆանտաստիկայի ժանրից չէ։

Ուզում եմ ասել, որ ինձ համար շատ կարևոր է այս արշավի մեկնարկը տալ հատկապես մեր բարեկամ և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունում և այսպիսի հարգարժան տիկնանց առջև։ Մեր ժողովուրդները միասին անցել են մեծ պատերազի արհավիրքի միջով, և էլ ում, եթե ոչ ձեզ պետք է ես խնդրեմ ինձ օգնել ընդդեմ պատերազմի և հանուն խաղաղության այս արշավում։

Ուզում եմ մեկ անգամ էլ հստակեցնել, քանի որ չէի ուզի թյուրըմբռնումներ լինեին. ես չեմ ակնկալում, որ դուք ղարաբաղյան հակամարտության մեջ պաշտպանեք հայկական կողմի դիրքորոշումը։ Ես խնդրում եմ միայն միանալ թնդանոթները մի կողմ դնելու, երկու ժողովուրդների զավակների կյանքերը խնայելու կոչին։ Այդ կոչը, այդ կարևոր ուղերձը կարելի է հնչեցնել սահմանի երկու կողմից էլ։ Ես, իհարկե, այդ հնարավորությունը չունեմ, բայց դուք կարող եք անել դա և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։

Ի վերջո, քաղաքականությունը՝ քաղաքականություն, շահերը՝ շահեր, բայց մենք՝ որպես կին և մայր, միշտ էլ կարող ենք մեր ձայնը բարձրացնել և հուսալ, որ այն լսելի կդառնա և ազդեցություն կունենա։

Այսօր առաջին անգամ եմ խոսում այս ամենի մասին և ուրախ կլինեմ, եթե իմ խոսքը հասնի ձեր սրտերին, և մենք միասին, գուցե՝ ավելի ընդլայնված կազմով, հանդիպենք Երևանում, մեկնենք Արցախ և կանգնելով զինվորների կողքին՝ դառնանք նրանց պահապան հրեշտակները։ Ուզում եմ շեշտել նաև, որ ես վճռական և հետևողական եմ լինելու  «Կանայք հանուն խաղաղության» արշավն ավելի ընդգրկուն դարձնելու գործում և ձեր ցանկացած աջակցության ու գաղափարի համար երախտապարտ կլինեմ։

Շնորհակալություն»։

Աղբյուր՝ Armtimes.com

Կիսվել նյութով