Մամուլ

Խաղացողների թիվը զգալի ավելացել է. ինչ փոփոխություններ կլինեն

Խաղացողների թիվը զգալի ավելացել է. ինչ փոփոխություններ կլինեն

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել:

ArmLur.am-ը տեղեկացավ,որ ԱՆ-ն առաջարկում է կատարողական վարույթի շրջանակում հարկադիր կատարողին հնարավորություն տալ պարտապանի անձնական հաշվին՝ էլեկտրոնային դրամապանակում առկա դրամական միջոցները և ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, այդ թվում՝ տոտալիզատորի կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններում պարտապանի անձնական էլեկտրոնային հաշիվներում առկա գումարները՝ միավորները հայտնաբերել և դրանց նկատմամբ բռնագանձում տարածել:

Ըստ արդարդատության նախարարության՝ էլեկտրոնային դրամապանակում առկա դրամական միջոցները և ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններում անձնական էլեկտրոնային հաշիվներում ներկայումս պահպանվում են ահռելի դրամական միջոցներ և դրանց համարժեք միավորներ, որոնք կատարողական վարույթի շրջանակում հայտնաբերելու և դրանց նկատմամբ բռնագանձում տարածելու գործիքակազմ չկա:

buqmeyker

Իսկ Պետական վերահսկողական ծառայության կողմից «Ինտերնետ շահումով խաղերի ոլորտի, կազմակերպիչների կողմից օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ» ՀՀ վարչապետին ներկայացված մշտադիտարկման արդյունքներով մտոհգիչ պատկեր է արձանագրվել:

Այսպես, 2018թ. ընթացքում ինտերնետ շահումով խաղացողների կողմից գնվել է 333 մլրդ դրամի միավոր, 2019թ.՝ 1,115.0 մլրդ. դրամի միավոր, 2020թ. 10 ամիսների ընթացքում՝ 1,548.0 մլրդ. դրամի միավոր։

2018թ. միջին ամսական գնված միավորների ծավալը կազմել է 28 մլրդ դրամ, 2019թ.՝ 93 մլրդ դրամ, 2020թ. 155 մլրդ դրամի:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ միջին ամսական խաղացողների թիվն է զգալի ավելացել. 2018թ. կազմել է 18093, 2019թ.-ին՝ 29911, 2020թ.-ին՝ 44082:

2020թ.-ին ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից գեներացված միջոցները կազմել են Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի շուրջ 32%-ը։

2020թ․-ի տասը ամսվա ցուցանիշը գերազանցում է միևնույն ժամանակահատվածի ՀՀ պետական բյուջեի եկամուտներին:

Ավելին, 2021 թվականի ընթացքում վերը նշված ցուցանիշներն էականորեն ավելացել են, և 2021 թվականի առաջին 11 ամիսներին խաղացողների կողմից գնված միավորների կամ կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 3 տրիլիոն 171,7 միլիարդ դրամ։

Կիսվել նյութով