Մամուլ

Ի՞նչ վերանորոգում է արել Վլադիմիր Գասպարյանը, ինչպե՞ս է երգել ու պարել նրա դուստրը․ ուշագրավ ցուցմունքներ

Ի՞նչ վերանորոգում է արել Վլադիմիր Գասպարյանը, ինչպե՞ս է երգել ու պարել նրա դուստրը․ ուշագրավ ցուցմունքներ

Aravot.am-ը գրում է․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ, 2011-2018թթ․ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի նախկին տեղակալ, 5-րդ բաժնի նախկին պետ Արշակ Հակոբյանի գործով հերթական դատական նիստում որպես վկա հարցաքննվեց ոստիկանության մշակույթի կենտրոնի աշխատակից Վահան Նաջարյանը եւ դատարանին տեղեկություններ հայտնեց, թե իրեն ինչ է հայտնի Վլադիմիր Գասպարյանի կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի ոստիկանությունում աշխատած լինելու մասին։

Դատավոր Վարդգես Սարգսյանը Վահան Նաջարյանին խնդրեց պատմել այն, ինչ իրեն հայտնի է։ Պատկառելի տարիքում գտնվող վկան, որին դատավորը թույլատրեց նստած ցուցմունք տալ, զարմացավ․

«Կենսագրությունս պատմե՞մ։ Հո չե՞մ կարող ամբողջը պատմել։ Հարց տվեք, պատասխանեմ»։

Ապա Վահան Նաջարյանն ասաց, որ 1975թ․-ից մինչեւ օրս աշխատում է ոստիկանության մշակույթի կենտրոնում որպես առաջատար մասնագետ․ «Այդ ընթացքում մի քանի պետեր եմ տեսել՝ Ասլանյան, Գրիգորյան, Քամալյան, վերջինը՝ Սուսաննա Աթաբեկյան։ Հիմա Կարինեի հետ»:

Հանրային մեղադրողները հարցեր ուղղեցին նրան․

-Ի՞նչ գործառույթներ եք ունեցել

Վկա-Կոլեգիաների նիստեր, խորհրդակցությունների սպասարկումներ, միջոցառումների կազմակերպում։ -11-18թթ․ ընթացքում այդ կազմակերպական հարցերն ո՞ւմ հետ եք քննարկել։

Վկա-Նախարարը՝ Վլադիմիր Սերգեյիչը, նախապես հրահանգավորում էր։ Այդ ընթացքում հրաշալի կապիտալ վերանորոգում է արել Վլադիմիր Սերգեյիչը։ Ամեն օր գալիս էր, հետաքրքրվում, թե աշխատանքներն ինչպես են ընթանում։

Զուգահեռ տիկին Սուսաննան՝ կինը, գեղարվեստական մասով էր զբաղվում, գալիս էր, աշխատակիցների երեխաներին․․․մեզ օգնում էր, կազմակերպում էր։ Արտասահմանից որ պատվիրակություններ էին գալիս նախարարություն, նա․․․ես չէի առնչվում, բայց գիտեի, որ ինքն է միջոցառումները կազմակերպում։ Մշակութային խմբերն էր ղեկավարում, ցուցումներ տալիս մեզ, բոլորիս, կազմակերպում էր, օգնում էր։ Սիրում էր իր գործը։

-Նա աշխատասենյակ ունե՞ր։

Վկա-Մեր մոտ չուներ աշխատասենյակ։ -Ի՞նչ միջոցառումների կազմակերպմամբ է նա զբաղվել։ Վկա-Հիմնականում համերգներ՝ նախարարության աշխատակիցների համար, մեծարման երեկոներ, նաեւ ընդհանուր խորհրդակցություններ։ Դահլիճը մեծ է, պետք է աշխատանքներ կատարվեին։ -Վլադիմիր Գասպարյանի դուստրը հաճախե՞լ է ոստիկանություն։

Վկա-Այո, Անգելինան գալիս էր, պար շատ էր սիրում, պարասրահ ունեինք։ Շաբաթը երկու անգամ գալիս էր պարասրահ՝ փորձի, երգի։ Միջոցառումների ժամանակ որպես շնորհալի երեխա՝ երգում էր։ Հրաշալի միջոցառումներ էին։ Ամբողջն իրենց շնորհքով էր, մենք էլ օգնում էինք։

-Քննիչի մոտ հարցաքննվելիս ուղղորդումներ եղե՞լ են։

Վկա-Ոչ, ես նման բնավորություն չունեմ։ Այնուհետեւ դատավորը հարցրեց՝ տեղյա՞կ էիք, Սուսաննա Գասպարյանն աշխատո՞ւմ էր ոստիկանության համակարգում։ Վկան պատասխանեց․

«Չեմ կարող ասել, իմ գործը չէր քիթս խցկելը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով