Մամուլ

«Ժամանակ». «Դվին» հյուրանոցը կվերածվի կազինոյի

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «Դվին» հյուրանոցը վերակառուցման արդյունքում կարող է վերածվել խաղատան: Ըստ 2017թ. «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում կատարված փոփոխության՝ խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում կատարված լինելու դեպքում՝ ՀՀ կառավարության սահմանած վայրերում և չափանիշներին համապատասխան:

Ըստ տեղեկությունների՝ «Դվին» հյուրանոցը պատկանում է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին, և խաղատուն բացելով Երևանի կենտրոնում՝ նա դառնում է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատան մրցակիցը: Բայց Ծառուկյանն էլ անպատասխան չի թողնի այս մարտահրավերը՝ խաղատուն կառուցելով «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, որտեղ այս պահին ընթանում է հյուրանոցի շինարարություն, և որը կառավարելու է «Կեմպինսկի» ընկերությունը:

Իսկ թե այդ տարածքներում 40 մլրդ դրամի ներդրում է արվել, թե ավելի շատ՝ որոշելու է կառավարությունը: Ոնց ուզի՝ այնպես էլ կորոշի, եթե արդեն չի որոշել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կիսվել էջում