Մամուլ

«Թե կա Հայկին ատելու պատճառ, գրեք՝ իմանանք, թե չէ հարիֆ-հարիֆ հարգում սիրում ենք»․ Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարդում եմ, թե Հայկ Մարությանը քաղաքապետի հավանական թեկնածու է ու կարդում եմ, որ բազմաթիվ մարդիկ շարունակ պարսավական և ծաղրական արտահայտություններ են անում նրա հասցեին: Ուզում եմ հասկանալ, ի՞նչն է Հայկի հասցեին էդ ծաղրի ու կիսաքֆուրների պատճառը: Բյուջետայինն միջոցներ է՞ լափել, տուշոնկա եք գտե՞լ գարաժից, սերժաբարոների ոտնե՞րն է լվացել, օպերայի հարակից ծառեր է կտրել տվել ու կաֆեներ է՞ սարքել, ասֆալտի տենդերներն է շահե՞լ շարունակ: Կռահում եմ, որ Հայկից դժգոհում են իր կերտած կերպարների ենթատեքստով:

Եթե Հայկի հանդեպ այդ ատելության հիմքում իր խաղացած դերերն են, մի քանի բան ասեմ: Կարծեմ, եթե հանրային խմբերի կամ ամբողջ հանրության ընկալումներում բացասական համարվող կերպարները կերտողները իրենք իրենց են խաղու՞մ կինոյում և թատրոնում, Օթելլո խաղացողը շաբաթը մեկ կնոջն է խեղդու՞մ, հետո նորից է ամուսնանում ու մյուս կիրակի էլի խեղդում է՞ կնոջը, հարբեցողի դերակատարը հարբեցող է՞, պլանքաշի դերակատարը պլանքաշ է, քիսաչու դերակատարը քիսաչի է, Քրիստոսի դերակատարն էլ ամեն ուրբաթ խաչվում է՞ իրենց թաղում երեք սյուներից կենտրոնականի վրա: Շատ պարզունակ չէ՞ դերասանին վերագրել կերպարի կյանքը:

Երկրորդը: Տեսնես ինչ կերպարներ է/էր մարմնավորում Հայկոն, այլմոլորակայինն էին հա՞ դրանք, ու Հայկոն էդ մարդկանց ներմուծեց Հայաստան, որ ոմանք ասեն.-յախք էս ինչ զզվելի է:- Ախր այդ կերպարների տերերը՝ մարդիկ, իրական մարդիկ տասնամյակներով վխտացել են ու վխտում են ձեր/մեր շուրջը, և վստահ եմ Հայկոյի մարմնավորած կերպարներից զզվանք արտահայտող հազարից մեկն է, որ համարձակվել է իր կնկան ծեծող հարևանին ասել՝ խլինքդ սրբի, անտաշ:

Կներեք, Հայկին կամ այլ դերասանի, իր մարմնավորած կերպարների տհաճ լինելու համար ծաղրողներն ու անպատվողները կարծում եմ, որ հասարակ քաղքենիներ են: Ինձ շատ է դուր գալիս Հայկ Մարությանի դերասանական գործը: Ես ոչ թատերագետ եմ, ոչ կինոգետ, ուղղակի շատ եմ հավանում նրա էլ, Մկոյի էլ ու էլի շատերի խաղը: Թե կա Հայկի հանդեպ ատելության այլ պատճառ, գրեք կարդանք՝ իմանանք, թե չէ հարիֆ-հարիֆ հարգում սիրում ենք:

Հուսամ, իհարկե չի առաջադրվի որպես թեկնածու, բայց ասեմ՝ հանրահավաքներից շատ առաջ եմ ծանոթացել ու խոսել հետը որոշ հարցերի մասին, որոնք կապ չունեն կինոյի, թատրոնի հետ, կարգին մարդ է իսկապես»:

Կիսվել նյութով