Մամուլ

Ընտրություններն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, ես իմ գործով եմ զբաղված՝ գլուխս կախ․ Հայկ Մարության

Ընտրություններն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, ես իմ գործով եմ զբաղված՝ գլուխս կախ․ Հայկ Մարության

Երեւանի ավագանու այսօրվա հերթական նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն իր ելույթի ժամանակ ցույց տվեց մի հաստափոր թղթապանակ եւ ասաց՝ սա բնակիչների՝ իրեն ուղղված նամակ-դիմումներն են, որոնց քաղաքապետարանը մերժել է.

«Միլիարդների թվեր եմ ստեղ լսում։ Այ ցավներդ տանեմ, երկուսուկես տարվա մեջ այս քաղաքացիները երեւի 50-100 միլիոնի բան չէին ցանկանում իրենց բակերում կառուցվեին կամ ասֆալտապատվեր կամ Գետառի վրան ծածկել, որ գարշահոտություն չգա։

Բոլոր հարցերը մերժված են, երկուսուկես տարի դիմել եմ, սիրելի երեւանցիներ, բոլորը մերժել են, ես պատրաստ եմ նորից դիմել, նորից մերժեն, տեսնենք՝ ո՞ւր ենք հասնելու։ Էսքան միլիարդավոր փողեր եք ծախսում անխնա, Արցախի 10 շենքի բնակիչներ, Վարդաշենի վթարային շենքերը, Աէրացիայի բնակիչները․․․ 

Ավազի հանքի վրա շենք են կառուցել, ի սկզբանե շենք կառուցողը դատվել է, որովհետեւ վթարային է եղել, 4-րդ կարգը փոխել են 2-րդ կարգի։ Նամակ եմ ուղղել, որ Աէրացիայի 2/2 շենքին մի հատ սեյսմոլոգ ուղարկեն։ Ինձ պատասխանում են՝ սեյսմոլոգները դեռ տենդեր չեն շահել։ Զարմացած եմ։ Խնդրում եմ, կառուցողական եղեք, մեկ-մեկ դրական պատասխաններ տվեք, այ ձեր ցավը տանեմ»,-ասաց Արմեն Ներսիսյանը։ 

Նա նշեց, թե դժգոհում են, որ նիստերին քվորում չի լինում, գա՞ն, որ նյարդայնանա՞ն. «Ի՞նչ եք արել պարոն քաղաքապետ նիստերին մշտապես եկողների համար, նորմալ բաժակ էլ չկա»։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ի պատասխան ավագանու անդամի խոսքերին` ասաց՝ ավագանու անդամների սեղաններին պլաստիկ բաժակներ են, քանի որ համաճարակ է․

Հայկ Մարության

«Ապակե բաժակները դրված են այնտեղ, ով ուզի ապակուց բաժակ, թող վերցնի։ Բայց ով հիվանդացավ՝ մենք պատասխանատվություն չենք կրում։ Ինչ վերաբերում է դիմումների մերժումներին, ապա պարզ օրինակ բերեմ՝ Երեւանում կա մոտ 3500 վերելակ, որը պետք է փոխարինվի, այսինքն, դրանք բոլորը քառասուն տարեկանից բարձր են եւ վտանգ են ներկայացնում։ Մենք փոխել ենք 520 վերելակ, 54–ը շուտով կփոխարինվի, 28 տարվա մեջ փոխարինվել է 35 վերելակ, 2,5 տարվա մեջ՝ 520։

Եթե հանենք արդեն փոխարինված վերելակները, ստացվում է, որ 2945 մուտքի ժողովուրդ այս պահին մերժվել է վերելակների փոխարինման համար։ Ծախսել ենք մոտ 5,2 միլիարդ վերելակներ փոխարինելու համար, այո, միլիարդներ են ծախսվում։ 7,2 միլիարդի գնում էր ավտոբուսների համար, 2,2 միլիարդ՝ մյուս գնումն էր, մի հատ էլ 1,8 միլիարդ այս նախորդ կոմպակտ դասի ավտոբուսներն են։ Սա առաջին անգամ է արվում Հայաստանի պատմության մեջ, որ համայնքն իր գումարներով փորձում է խնդիրները լուծել։ Կարծում եմ՝ նորմալ է, որ միլիարդավոր դոլարներ են ծախսվում, փորձում ենք լուծել շատ ավելի շատ մարդկանց խնդիրներ։

Խնդիրները շատ են, բայց գումարները՝ սահմանափակ։ Եթե ես պարգեւավճարներ ստանայի, կասեիք՝ պարոն քաղաքապետ, պարգեւավճար եք ստանում, գումարներ չկան։ Չեմ ստանում պարգեւավճար, եղբայր, 400 հազար դրամ է իմ աշխատավարձը, ծառայում եմ Երեւան քաղաքին: Ես ու մեր աշխատակազմը փորձում է ամեն ինչ անել։

Միակ մարմինն է ամբողջ հանրապետությունում, որ 6-9 ամիս պատերազմի ժամանակ հավելավճար, պարգեւավճար, 13-րդ աշխատավարձ չի ստացել, հասկանալով, որ պետությունը ծայրահեղ ծանր վիճակում է եւ մենք անմասն չենք կարող մնալ։ Քաղաքապետարանը բարոյական եւ ֆինանսական կողմերը միշտ պահում է։

Դուք այդքան նամակ ունեք, ես դրա հազարապատիկն ունեմ։ Ցավոք, բոլորին չի ստացվում ասել` այո։ Ես երբեք ոչ մեկին չեմ խաբելու, թե այո, կանենք։ Տենց պրակտիկա կար ընտրություններից առաջ ասում էին՝ հա, ինչ ուզում եք՝ կանենք, հետո ասում էին՝ վայ, չստացվեց։ Կներեք, ընտրություններն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, ես իմ գործով եմ զբաղված՝ գլուխս կախ»։

Կիսվել նյութով