Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ
Սեպտեմբերի 8-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի հասցեներից մեկում հարևանը հարվածել է հարևանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Արդեն տեղում Երևանի բնակիչ 33-ամյա Մերի Հ․-ն մատնացույց է արել Երևանի բնակիչ 50-ամյա Վրեժ Մ․-ին, որ վերջինս իրեն ապտակել է, ով նշված հասցեից ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այն պահին, երբ կինը պատրաստվելիս է եղել տանից դուրս գալ և գնալ ոստիկանության Մարաշի բաժին, նշված վայր է մոտեցել կիսամերկ, ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մի քաղաքացի, ով ներկայացել է որպես տեղի բնակիչ և տարածքի սեփականատեր։ Դրանից հետո նա սկսել է դրսևորել ոչ ադեկվատ վարքագիծ, իրեն վեր դասելով հասարակությունից, սկսել է բղավել, իսկ համայնքային ոստիկանի վրա ցանկացել է հարվածել, սակայն չի հաջողվել։ Դրանից հետո համայնքային ոստիկանը փորձել է վերջինիս կարգի հրավիրել և ձերբակալել, սակայն նշված միջադեպին միացել է ևս մեկ քաղաքացի, որը սկսել է խոչընդոտել համայնքային ոստիկանի օրինական գործողություններին։ Տևական ժամանակ բղավելով՝ նրանք կոպտորեն խախտել են հասարակական կարգը, քաշքշել համայնքային ոստիկանի ձեռքը, որից հետո նշված վայր են մոտեցել բաժնի մյուս ծառայողները և վերջիններիս խուլիգանության հիմնավոր կասկածով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Մարաշի բաժին։
Այնտեղ պարզվել է, որ ձերբակալված քաղաքացիները Երևանի բնակիչներ են՝ 67-ամյա Խաչատուր Մ․-ն և 33-ամյա Աղվան Մ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։


