Մամուլ

Երևանում առաջիկա շաբաթներին կտեղադրվեն խելացի աղբարկղերը

Երևանում առաջիկա շաբաթներին կհայտնվեն պլաստիկը վերամշակող առաջին աղբամանները։ Դրանք ոչ միայն «կկլանեն» ու հենց տեղում կվերացնեն պլաստիկե տարան, այլև որպես «շնորհակալություն»՝ ձեզ որևէ խանութի կամ ռեստորանի զեղչի կտրոն կտան։ Գաղափարը «Ապագա» նախագծինն է։ Մեդիամաքսը զրուցել է  այն իրականացնողների հետ։

Իսկ ինչո՞ւ ոչ

Այս մասին ինքն իրեն հարցրեց գերմանացի Սեդրիկ Սոլմզը, երբ տատանվում էր՝ վերադառնա՞լ Գերմանիա, թե՞ մնալ Հայաստանում ու երկիրը մաքրել աղբից։

UWC Դիլիջան քոլեջի նախկին ուսանողը մեկ այլ ուսանողի՝ ռուս Միխայիլ Զամսկոյի հետ որոշեց, որ ուզում է աղբի վերամշակման նախագծեր իրականացնել։

«Ես եկա Հայաստան ու UWC, որովհետեւ երազում էի կյանքս փոխելու, նոր բան փորձելու մասին։ Եվ երբ դա հաջողվեց, երբ Միխայիլի հետ դպրոցում սկսեցինք աղբի վերամշակման ծրագիր իրականացնել, հասկացա, որ չեմ կարող վեր կենալ ու հենց այնպես, ամեն ինչ թողնել ու գնալ, եւ հենց այդ պահին էր, որ մեր կյանքում հայտնվեց Հայկ Կազարյանը»,- պատմում է Սեդրիկը:

Ի՞նչ անեմ այսքան շիշը

Սա էլ այն հարցն էր, որ Հայկն իրեն տվեց, երբ 8-րդ անգամ եկավ Հայաստան։ Կանադահայ Կազարյանը Երեւանում օգտագործած իր պլաստիկե շշերը ոչ մի կերպ դեն չէր նետում։

«Ես դրանք հավաքում էի ու հավաքում, բայց թե ինչի համար եւ ի՞նչ պետք է անեի, չգիտեի։ Անընդհատ մտածում էի, բայց ելքը չէի գտնում։ Մի օր սոցցանցում գրեցի այդ մասին, եւ Սեդրիկն ու Միխայիլն արձագանքեցին: Պարզվեց՝ մենք նույն բանի մասին ենք մտածում։ Արդյունքում ծնվեց «խելացի» աղբարկղեր ստեղծելու այս ստարտափը»։

Բայց արդյոք շահույթ կստանա՞նք

Պարզվեց՝ ոչ։ Աղբամանում պլաստիկը վերամշակելու գաղափարի հեղինակ-իրականացնողները ոչ շահելու են, ոչ էլ տուժելու։ Միակ շահողը լինելու է այն մարդը, որը պլաստիկը նետելու է այդ խելացի աղբարկղը։

«Մեր միակ նպատակը քաղաքը, երկիրը աղբից ինչ-որ չափով մաքրելն է։ Այնպես չէ, որ այս աղբարկղը գյուտ է, ամենեւին։ Աշխարհի մի շարք զարգացած երկրներում դրանք կան։ Եվ եթե այնտեղ դա աշխատում է, ինչո՞ւ պետք է Հայաստանում չաշխատի»,- ասում է Հայկը։

Իսկ ի՞նչ տեսք կունենան աղբարկղերը

Երբ փողոցում տեսնեք սպիտակ-կանաչ անսովոր տուփեր, որի վրա նաեւ հատուկ տեսախցիկ ու տարբերակող նշան կլինի, համարձակ փորձեք այնտեղ նետել ձեռքի պլաստիկե բաժակը կամ էլ շիշը։ Դա հենց այդ խելացի աղբարկղն է։ Այն պատրաստված է հատուկ նյութերով, որ չվնասվի խոնավությունից, արեւից։

Առաջին նմուշների ստեղծման համար մոտ 2 մլն դրամ է ծախսվել։

Կօգնե՞ք որոշել աղբարկղերի տեղադիրքերը

Այս հարցադրումը կարող եք տեսնել մեկ տարի առաջ ստեղծված Apaga կանաչ համայնքը հարթակում։ 2018-ից այն միավորում է պլաստիկի վերամշակման բոլոր մասնակիցներին։

«Հիմա մենք ուզում ենք հասկանալ այդ արկղերի տեղադիրքերը Երեւանում, որովհետեւ ցանկացողների մի մեծ հերթ կա՝  ե՛ւ ընկերություններ, ե՛ւ անհատներ կան պատվիրատուների շարքում։ Նաեւ այդ ոգեւորությունն էր, որ մեզ համոզեց, որ ճիշտ ուղու վրա ենք, ու այն կաշխատի Երեւանում»,- պատմում է Սեդրիկը։

«Հաստատ աշխատելու է, որովհետեւ այդ արկղերը ստեղծվում են այն մարդկանց համար, որոնց համար շրջակա միջավայրի պահպանությունը կարեւոր է, որոնց համար իրենցից հետո բնությունը սերունդներին թողնելն է կարեւոր»,- Սեդրիկին լրացնում է Հայկը։

Պատմում է, որ արդեն 40 ընկերություն՝ ռեստորաններ, սուպերմակետներ, խանութներ, պատրաստ են գործակցել ու տրամադրել զեղչի կտրոններ։

«Մեզ մնում է գտնել աջակիցներ, ներդրողներ ու հովանավորներ, որ խելացի աղբարկղերի արտադրությունն ու տեղադրումն իսկապես թափ հավաքի ու տեղադրվի ողջ երկրով մեկ։

Եվ երկրորդ ամենակարեւոր հարցը՝ մեզ պետք է  օգնել վերամշակված պլաստիկը օգտագործողներ գտնելու կամ էլ այն արտահանելու հարցում»,- ասում է Հայկը։

Աղբյուր՝ mediamax.am

Կիսվել նյութով