Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա
Երուսաղեմում Յոմ Կիպուրի՝ «Քավության օրվա» ընթացքում 9-ամյա հայ քրիստոնյա երեխայի նկատմամբ հարձակում է տեղի ունեցել։
Իսրայելական Channel 13-ի լրագրող Յոսի Էլիի փոխանցմամբ՝ Վիլյամ անունով երեխան հեծանիվով երթևեկել է Մամիլա թաղամասի մոտ՝ ականջակալներով երաժշտություն լսելով, երբ մի խումբ երիտասարդներ մոտեցել են նրան և պահանջել հանել ականջակալները։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ տղամարդիկ լսել են, որ երեխան անգլերեն է խոսում։
Նրանցից մեկը, ըստ հաղորդման, պահանջել է չխոսել անգլերեն, ինչից հետո երեխայի ուղղությամբ պղպեղի սփրեյ են ցողել։
Յոսի Էլին հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է երեխային շտապօգնության մեքենայում բուժօգնություն ցուցաբերվում։
Լրագրողի փոխանցմամբ՝ սա Վիլյամի նկատմամբ արդեն երկրորդ նման հարձակումն է․ առաջին դեպքի ժամանակ երեխայի հետ եղել է հայրը և պաշտպանել նրան, իսկ այս անգամ նա միայնակ է եղել։
Երեխայի մայրը լրագրողին հայտնել է, որ միջադեպից հետո որդին դժվարությամբ է քնում և վախեցած է։ Channel 13-ի տվյալներով՝ դեպքը ֆիքսվել է անվտանգության տեսախցիկներով, սակայն ոստիկանությունը փակել է գործը՝ որևէ անձի չձերբակալելով։


