Մամուլ

Երբ քաղաքապետի ռեյտինգը զրո էր, նրան առաջին հերթին օգնում էին հենց վարչապետն ու քաղաքական թիմը. Վիկտոր Մնացականյան

Երբ քաղաքապետի ռեյտինգը զրո էր, նրան առաջին հերթին օգնում էին հենց վարչապետն ու քաղաքական թիմը. Վիկտոր Մնացականյան

Armtimes.com-ը գրում է․ «Եթե քաղաքի գլխավոր փողոցներով քայլեք, կտեսնեք, որ երեք տարվա մեջ ոչ մի բան չի փոխվել: Մաշտոցի պողոտայում գովազդները շատացել են, փողոցային առեւտուրը մնացել է նույնը, գարշահոտ անցումը չի բարեկարգվել, ծառերի ու մայթերի վիճակն է՛լ ավելի է վատացել»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ խոսելով քաղաքապետ Հայկ Մարությանի՝ այս տարիներին կատարած աշխատանքի մասին:

Անդրադառնալով քաղաքապետի այն հայտարարություններին, որոնց համաձայն՝ այս ընթացքում բարեկարգվել է տրանսպորտային համակարգը, փոխարինվել են վերելակները, կարգավորվել աղբահանության հիմնարկի աշխատանքը՝ Մնացականյանը նկատում է. «Ես պատրաստ եմ ասել, թե այդ երեքը որքան թերացումներով են արվել: Եթե 3 տարվա մեջ քաղաքապետն ընդամենը երեք բան է արել, այսինքն՝ տարին մեկ գործ, սա լուրջ մտածելու տեղիք է տալիս»:

Վիկտոր Մնացականյանը, չցանկանալով քաղաքական գնահատական տալ Մարությանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալուն, շեշտում է՝ քաղաքապետին (հատկապես պաշտոնավարման առաջին երկու տարում) հսկայական աջակցություն է ցուցաբերել հենց այդ քաղաքական թիմը:

Վիկտոր Մնացականյան

«Ես հիշում եմ մի շատ կարեւոր բան. այն ժամանակ, երբ «Սանիթեք» ընկերության հետ աշխատանքը «կատաստրոֆա» էր դարձել մեր քաղաքի համար, Մարությանի ռեյտինգն էլ, որպես քաղաքապետի, զրո տոկոս էր, նրան առաջին հերթին օգնում էին հենց վարչապետը եւ քաղաքական թիմը:

3-4 ամիս քաղաքապետի սխալ մենեջմենթի պատճառով ամաչել ու գլուխ է կախել հենց այդ քաղաքական թիմը: Չգիտեմ՝ այդ ժամանակ, երբ բոլորն ամեն կերպ աջակցում էին նրան, նա ինչ-որ մեկին շնորհակալություն հայտնե՞ց, թե՞ ոչ»,- անուղղակի հարցադրում է անում Մնացականյանը:

Վարչական շրջանի նախկին ղեկավարն ընդգծում է՝ բազմիցս քննադատել է քաղաքապետարանի թերացումները եւ խորհուրդ տվել ուշադիր լինել հատկապես Կենտրոնին: «Ինչո՞ւ կենտրոնին, որովհետեւ Երեւանի մշակութային օջախները, կարեւոր ամեն ինչ Կենտրոնում են: Երեւանի բնակիչներն իրենց ժամանցը ցանկանում են անցկացնել Կենտրոնում, մասնակցել որեւէ մշակութային միջոցառման:

Սակայն այս մարդկանց համար առաջին հերթին խնդիր է տրանսպորտը, հետո՝ մեքենա ունեցողների մեքենայի կայանման հարցը: Սա խոսում է մի բանի մասին. քաղաքապետը չի կարողացել համաչափ զարգացնել»,- ասում է նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում