Մամուլ

Երբ վախենում ես, վիրուսն ավելի ուժեղ է դառնում․ նկարահանման ընթացքում հիվանդացած լրագրողի պատմությունը «Առավոտ»

Երբ վախենում ես, վիրուսն ավելի ուժեղ է դառնում․ նկարահանման ընթացքում հիվանդացած լրագրողի պատմությունը

Երբ վախենում ես, վիրուսն ավելի ուժեղ է դառնում․ նկարահանման ընթացքում հիվանդացած լրագրողի պատմությունը

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի Գյումրու թղթակից Քրիստինե Մկրտչյանը, որը հիվանդացել  էր կորոնավիրուսով, Aravot.am-ին պատմեց, թե ինչ ախտանշաններով  է արտահայտվել  իր մոտ վիրուսը և ինչպես է այն հաղթահարել։

Լրագրողը մեզ հետ զրույցում ասաց, որ չի էլ կռահում, թե  ումից  է վարակվել, ենթադրում է, որ  հիվանդացել  է նկարահանման ընթացքում՝ միգուցե և շփվելով վիրուսակրի հետ։ Նա  նաև ասաց, որ միշտ պաշտպանվել է՝ դիմակներ կրելով ու ձեռքերը սպիրտով ախտահանելով, առողջապահության նախարարության՝  ձեռքերը ճիշտ լվանալու ցուցումներին հետևելով։

Սկզբում օգտագործել  է  սպիրտ՝ 96 տոկոսանոց, հետո համոզվել, որ 70 տոկոսանոցն ավելի արդյունավետ է՝ ավելի ուշ է գոլորշիանում։ Տունը ևս ախտահանող միջոցներով է մաքրել։

Նշենք, որ նրա հետ աշխատող օպերատոր Մարտին Գևորգյանը չի վարակվել, նրան ապահովության  համար մեկուսացրել էին,  2-3 անգամ թեստավորել, բայց միշտ բացասական են եկել պատասխանները։

Քրիստինե Մկրտչյանը պատմեց․ «Մայիսի 6-ի երեկոյան իմ մոտ հոգնածության զգացում կար, սովորաբար նման զգացում լինում է, բայց ծանրաբեռնված օրվա ավարտին։

Այդ օրը թեթև էր․ աշխատանքի չէի, իմ ազատ օրն էր։ Անհասկանալի էր, թե ինչու եմ այդպես հոգնած, այդ ամենը զուգորդվում էր ուժեղ սրտխփոցով․ ինձ մոտ սրտխփոց  էլի է եղել, երբ բարձր ջերմություն եմ ունեցել կամ ճնշման հետ կապված խնդիր եմ ունեցել։

Մի երկու անգամ չափել եմ արյան ճնշումը, տեսել եմ՝ որևէ խնդիր չկա, որոշեցի ջերմաչափում անել ու տեսա, որ ջերմություն ունեմ  37․2 կամ 37․3, հաստատ չեմ հիշում։ Սկզբում կապեցի սովորական մրսածության հետ, մտածեցի, որ կարող է թեթև մրսածություն է։

Տան անդամներին էլ խնդրեցի ջերմաչափում իրականացնել, պարզվեց՝ տղաս ունի ջերմություն, ինքն ընդհանրապես չէր զգացել, պարզապես այդ օրը ցերեկը քնել էր։ Մենք էլ դա կապել էինք հոգնածության հետ՝ հոգնած է, քնել  է»։

Լրագրողն ապահովության համար որոշել  է թեստ հանձնել  ու զանգահարելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման  ազգային կենտրոն»-ի Շիրակի մասնաճյուղ՝ ներկայացրել է գանգատները ու  խնդրել իրեն թեստավորել։

«Նախ գանգատներս ներկայացրեցի, ասացի, որ ինձ մոտ չկա կոկորդի ցավ, միայն հոգնածության զգացում ու սրտխփոց կա, իրենք ասացին, որ ջերմությունը բավական է, որպեսզի ցուցում ունենան թեստ վերցնելու։ Հաջորդ օրը կանչեցին իրենց մոտ՝ թեստ հանձնելու, տղայիս հետ գնացի, թեստ հանձնեցինք։

Մեզ խորհուրդ տվեցին մեկուսանալ տանը մինչև թեստի պատասխանը գա։ Երկու օր հետո թեստի պատասխանը եկավ, այդ ընթացքում մեկուսացանք ընտանիքի անդամներից։ Այդ օրերին նաև պայմանավորվածություններ ունեի՝ կապված աշխատանքիս հետ, ես գնալու էի Արթիկ՝ նկարահանման։

Մայիսի 9-ին ընդառաջ նկարահանումներ էի իրականացնելու վետերանների հետ, հետաձգեցի բոլորը, որովհետև կասկածում էի, որ կարող է իմ մոտ վիրուս լինի։ Երկու օր հետո թեստի պատասխանը եկավ, որ դրական է իմ մոտ ախտորոշվել, ասացին՝ անմիջապես պետք է տեղափոխվես Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։

Երբ հեռախոսազանգ ստացա ու բժշկուհին  ինձ հայտնեց, որ  թեստի պատասխանը դրական է,  շատ երկար տևեց, մինչև հասկացա, մի պահ լարվեցի, չգիտեմ՝ ինչ կատարվեց իմ հետ, բայց շատ շուտ կարողացա  ինձ հավաքել, որովհետև  ես առաջին հերթին հավատացի իմ ինքնազգացողությանը։ Ես  մտածեցի՝ այդ պահին շատ լավ եմ զգում և եթե անգամ դրական է, ուրեմն ես շատ թեթև պիտի տանեմ,  կհաղթահարեմ այդ ամենը։

Մեր մեքենայով ես ու տղաս անմիջապես տեղափոխվել ենք ինֆեկցիոն, թոքերի ռենտգեն արեցին, պարզվեց, որ մեզ մոտ թոքաբորբ չկա, իմ մոտ բրոնխների հետ կապված փոքր-ինչ խնդիր կար, ասացին՝ լուրջ խնդիր չէ։

Առաջարկեցին երկու տարբերակ, ասացին՝ կարող եք մնալ ինֆեկցիոն հիվանդանոցում, կարող ենք նաև գնալ Ծաղկաձոր՝ մեկուսանալ, բայց քանի որ լուրջ բժշկական միջամտության կարիք չկար, խորհուրդ տվեցին մեկուսանալ, որպեսզի ինֆեկցիոն հիվանդանոցի մահճակալները մնան լուրջ առողջական խնդիր ունեցող հիվանդի, հիմնականում նրանց, ովքեր թոքաբորբ են կամ ովքեր ունեն շնչառական խնդիր, թթվածնի քաղց կա։

Ես տղայիս հետ նախընտրեցի այդ տարբերակը, գնացինք Ծաղկաձոր, ԵՊՀ համալսարանական հյուրանոցի սենյակներից մեկում մեկուսացանք։ Մեր ընտանիքի անդամներին էլ մեկուսացրել էին Գյումրու հյուրանոցներից մեկում։ Հաջորդ իսկ օրը նրանց թեստավորել էին, բացասական եկավ պատասխանները։

Դրանից մի քանի օր անց՝ 7-8-րդ օրը  նորից թեստավորեցին, բացասական եկավ, տուն ուղարկեցին, որպեսզի մեկուսանան տանը մինչև ամիս 23-ը։ Մենք էլ մնացինք Ծաղկաձորում այնքան ժամանակ, մինչև նոր թեստ հանձնեցինք և հասկացանք, որ մեր մոտ վիրուսը բացասական է»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով