ՄամուլՏեսանյութ

«Եթե ինձ ձերբակալելով՝ ժողովուրդն իրեն երջանիկ կզգա, թող ձերբակալեն»․ Սերժ Սարգսյան

Եթե ինձ ձերբակալելով՝ ժողովուրդն իրեն երջանիկ կզգա, թող ձերբակալեն․․․

«Ոչ մի բանից չի վախենում միայն կատարյալ հիմարը։  Ես 1988  թվականից հետո, իրոք, վախենում եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը, իհարկե, շատ մեծ վտանգ կլիներ մեզ համար: Տասնյակ-հազարավոր նվիրյալների հետ մենք հաղթահարեցինք դա՝ նայելով վախի աչքերի մեջ: Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում, հիմա էլ եմ վախենում, վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից, իմ անձի համար վախենալու ոչ մի բան չունեմ:

Եթե ինձ ձերբակալելով՝ ժողովուրդն իրեն երջանիկ կզգա, եթե ինձ ձերբակալելով՝ «Մարտի 1»-ը կբացահայտվի, եթե ինձ ձերբակալելով «Հոկտեմբերի 27»-ը կբացահայտվի, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն, ինչպես ասացի՝ միայն կատարյալ հիմարը ոչնչից չի վախենում:

Իմ կարծիքով՝ վախկոտ են նրանք, ովքեր ինչ-որ ազդեցության տակ փոխում են իրենց կարծիքը, ես կարծիք փոխող չեմ»,- քիչ առաջ Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո ի պատասխան շրջանավարտներից մեկի հարցին՝ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի՞ վախենում, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ կհասնի։

Ս. Սարգսյանը նաև ավելացրել է՝ «Այդքան զրպարտություններից հետո՝ ինչի՞ վրա պիտի զարմանամ»։

Ս. Սարգսյանը նաև նշել է. «Եթե իմ բացակայությունը հսարակությունից կնպաստի, որպեսզի տնտեսական հեղափոխությունը շատ մեծ թափ ստանա, և հայրենադարձության հոսքն այնքան մեծանա դեպի Հայաստան, որ մենք հպարտանանք՝ թող ձերբակալեն: Ավելին ասել չեմ ուզում, քանի որ, ինչպես հայտնի է, ես խոստացել եմ, որ պարզ ու անկեղծ զրույց եմ ունենալու մեր քաղաքացիների հետ, և դրա ժամկետը մոտենում է: Իսկ հիմա շնորհավորում եմ Ձեզ և բոլորիդ և, իրոք, լիահույս եմ, որ դուք ձեր գիտելիքներն օգտագործելու եք իմ նշած խնդիրները հաղթահարելու համար»:

Աղբյուր՝ 168.am

Կիսվել նյութով