Մամուլ

Գյումրիում կարկուտից հետո սառցաշերտը լցվել է տուն. Տան անդամներից մեկը կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Գյումրիի բնակիչ Ռուբեն Ավագյանը ներկայացրել է, թե կարկուտի հետևանքով ինչպես է վնասվել իրենց տունը։

Նա տեսանյութում ցույց է տալիս տան մուտքը և ասում, որ 1.5 մետր բարձրությամբ սառցաշերտ էր տան դիմաց և դուռը չէր բացվում։

«Միջանցքում դրված պահարանն է վնասվել, իսկ մնացած սենյակները լրիվ ջրի մեջ էին։

Գիշերը ժամը 12-ի կողմերն էր, ուժեղ կարկուտ տեղաց, գումարած անձրևն ու քամին։ Երեխաներն էլ այս կողքի սենյակում քնած էին՝ երեք թոռնիկներս։

Ինչ–որ պահի ջրի խշխշոց լսեցինք, նայեցինք, տեսնենք ոտքերներիս տակ ջուր է։

Հազիվ երեխաներին հանեցինք երկրորդ հարկ, այդ ընթացքում կինս թոռնիկիս գրկելու ընթացքում ոտքը սայթաքեց, ընկան մետլախի վրա, ձեռքը վնասվեց։ Շտապօգնություն կանչեցինք, եկան տարան։

Նկարել էին, ասել էին, որ ձեռքը կոտրված է ու խշրված է, պիտի իմպլանտ դնեն։ Վաղը պիտի օպերացիա անեն»,–ասաց նա։

Գյումրիում գիշերը տեղացած ուժեղ անձրևն ու կարկուտը կաթվածահար են արել երթևեկությունը,  քաղաքի որոշ հատվածներ հայտնվել են ջրի և սառույցի տակ՝ լուրջ խնդիրներ առաջացնելով բնակիչների և տրանսպորտային միջոցների համար: 

Ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Տերյան փողոցից դեպի Ախուրյան տանող կամրջի տակի հատվածում։

Այնտեղ գոյացել էր հսկայական սառցաշերտ և ջրային մեծ կուտակումներ, ինչի հետևանքով երթևեկությունն այդ ուղղությամբ ամբողջությամբ կաթվածահար էր եղել և դարձել անանցանելի։

Կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում էր մինչև 1,5 մետրի։

Չնայած ստորգետնյա ջրատարները գործել են, սակայն ջրի քանակությունն այնքան շատ է եղել, որ պարզապես հնարավոր չի եղել ժամանակին ապահովել ամբողջական ջրահեռացումը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում