Մամուլ

Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել 6 տարեցների

Հայազգի ամերիկացի եղբայրները Գլենդեյլում այրվող ծերանոցից փրկել են վեց տարեցների՝ շենք մտնելով դեռևս մինչև հրշեջների ժամանումը։ Այս մասին գրում է New York Post-ը։

20-ամյա Ալեքս Բազինյանն ու նրա 15-ամյա եղբայր Նարեկը բնակվում են Մաունթըն սթրիթում գտնվող տարեցների հաստատության հարևանությամբ։ Հրդեհը բռնկվել է ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտ 16։45-ին։ Երբ Ալեքսը նկատել է շենքից դուրս վազող բուժքրոջը, որը օգնություն էր կանչում, հասկացել է, որ ներսում դեռ մարդիկ են մնացել։

Սկզբում Նարեկը փորձել է գուլպանով մարել կրակը, սակայն բոցերը շատ արագ ուժգնացել են, իսկ օգնության կանչերը՝ ավելի բարձրացել։ Այդ պահին եղբայրները որոշել են մտնել այրվող շենք և օգնել ներսում գտնվող մարդկանց։

Ալեքսի խոսքով՝ շենքում եղել է ութ մարդ, այդ թվում՝ երկու բուժքույր։ Նրանք փորձում էին դուրս բերել տարեց բնակիչներին, սակայն վերջիններս ինքնուրույն չէին կարողանում տարհանվել։

«Մտնում եմ մեծ սենյակ և տեսնում եմ այս բոլոր տարեցներին հատակին, ոմանք կաթետերներով էին։ Ոմանք վիրավոր էին, ոտքերին արյուն կար։ Մենք պարզապես բոլորին հերթով դուրս էինք բերում»,- KTLA հեռուստաալիքին պատմել է Ալեքսը։

Եղբայրներին օգնության են հասել նաև երկու հարևաններ։ Նրանց համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել բոլոր վեց տարեցներին դուրս բերել շենքից և հասցնել փողոց՝ դեռևս մինչև հրշեջների ժամանումը։ Ալեքսը պատմել է, որ վերջին մարդուն շենքից դուրս բերելուց անմիջապես հետո պայթյունի ձայն է լսել։

«Նայում էի շուրջս և տեսնում, թե ինչպես է բոցը բարձրանում ու շարժվում դեպի ինձ։ Փորձում էի բոլորին հնարավորինս արագ դուրս բերել։ Ամենուր ծուխ էր, որի պատճառով գրեթե ոչինչ չէի տեսնում»,- պատմել է Նարեկը։

Գլենդեյլի հրշեջ ծառայության պետը հայտնել է, որ պայթյունի պատճառը, ամենայն հավանականությամբ, թթվածնի բալոնն է եղել, ինչից հետո շենքի մի հատված փլուզվել է։ Հրդեհի առաջացման պատճառը դեռևս քննվում է։

Հրշեջներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել և մարել կրակը՝ թույլ չտալով, որ այն տարածվի հարևան տների վրա։ Հրդեհի հետևանքով յոթ մարդ թեթև վնասվածքներ է ստացել։

Եղբայրները իրենց արարքը բացատրել են որպես ստեղծված իրավիճակին բնական արձագանք։

«Երբ տեսնում ես, որ մարդիկ օգնության կարիք ունեն, պարզապես ուզում ես օգնել նրանց։ Մենք նույնիսկ չէինք մտածում, թե ովքեր են նրանք։ Մեզ մոտ այստեղ շատ համախմբված համայնք է»,- ասել է Ալեքսը։

ceranoc hrdeh
ceranoc hrdeh 1
Կիսվեք ձեր էջում