Մամուլ

Գեղարքունիքում որոշ հին շինություններ, գոմեր են վնասվել. մարզպետ

Գեղարքունիքում որոշ հին շինություններ, գոմեր են վնասվել. մարզպետ

Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հեռավորության վրա գրանցված երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում խոշոր ավերածություններ չեն եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Խոշոր ավերվածություններ չունենք: Այս պահի տվյալներով՝ որոշ հին շինություններ, գոմեր են վնասվել և էլեկտրահաղորդման գծերի վնասներ ունենք, որի հետևանքով շրջակա համայնքներում այս պահին հոսանք չկա:

Գնել Սանոսյան

Շողակաթ և Ճամբարակ խոշորացված համայքների բնակավայրերում հոսանք չկա: Մասնագետներն աշխատում են, շուտով հոսանքը կվերականգնվի»,- ասաց Սանոսյանը:

Մարզպետը նշեց, որ շինությունները վնասվել են հիմնականում Շորժա և Արտանիշ համայնքներում: Զոհեր և վիրավորներ չկան:

Նշենք, որ սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

Կիսվել նյութով