Մամուլ

Գավառում 16-ամյա տղան վիճաբանության ժամանակ դանակահարել է 17-ամյա երիտասարդին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Գավառում 16-ամյա տղան վիճաբանության ժամանակ դանակահարել է 17-ամյա երիտասարդին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ մարտի  3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 13:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից  ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կողմի ծակած-կտրած թափանցող վերքեր, հեմոռաջիկ տրավմատիկ շոկ, աջակողմյան պնեվմոթորաքս» ախտորոշմամբ իրենց  մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը  Գավառ քաղաքի բնակիչ, 17-ամյա Պարգև Ս.-ն է, ով բժշկական կենտրոնում ոչինչ չի հայտնել կատարվածի մասին: Բժիշկներն էլ ոստիկաններին հայտնել են, որ նա այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

դանակահարություն

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Գավառի ոստիկանները, տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են դեպքի հանգամանքները:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 13;30-ի սահմաններում Գավառի Բունիաթյան փողոցում, Պարգև Ս.-ի հետ վիճաբանել է Գավառի բնակիչ, 16-ամյա Ֆրունզե Չ.-ն, ով իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Պարգև Ս.-ին:

Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքներրի արդյունքում Ֆրունզե Չ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել նյութով