Մամուլ

Գագիկ Ծառուկյանը 100.000 դրամով տուգանվել է, որդու հարսանիքի հրավառության համար

Գագիկ Ծառուկյանը 100.000 դրամով տուգանվել է, որդու հարսանիքի հրավառության համար

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի հրավառության դեպքով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ  ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնից։

«Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները։

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իրականացվում է վարչական վարույթ»,– մանրամասնեց բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

carukyan vordu hravarutyun

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7.00–ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը, որի ավարտին մեծ հրավառություն է եղել, ինչը սոցհարթակներում բուռն քննարկումների առիթ էր դարձել։

Կիսվել նյութով