ՄամուլՏեսանյութ

Բոլոր ավիաընկերություններից օդի տուրքը կհանվի․ Նիկոլ Փաշինյան

Բոլոր ավիաընկերություններից օդի տուրքը կհանվի: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի շուկա մուտք գործած Ryanair ընկերությանը. «Կարծում եմ՝ մեր քաղաքացիական ավիացիայի համար շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, և Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը Հայաստան մուտք գործելու որոշում է կայացրել»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանից դեպի Եվրոպա Ryanair ընկերությունն այս պահին առաջարկում է 4 ուղղություն, 2–ը` Իտալիա, 2-ը` Գերմանիա։

Ըստ փոխվարչապետի՝ ընկերության գնային քաղաքականությունը միտված է հնարավորինս էժան և մատչելի տոմսեր առաջարկելուն: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է այդ իրադարձության կարևորությունը և նշել.

«Շատ կարևոր է արձանագրել, որ այս խնդիրը լուծելու համար կառավարությունում եղել են շատ բուռն քննարկումներ: Կարծում եմ՝ պետք է ընդգծել, որ այս գործընթացում շատ մեծ դեր է ունեցել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, «Զվարթնոց միջազգային օդանավակայանը», շատ գործընկերային դիրքորոշում են ցուցաբերել այս խնդրի լուծման համար:

Եվ, իհարկե, կառավարությունը շատ սկզբունքային որոշում է կայացրել: Սկզբունքային որոշումը հետևյալն է՝ այն ուղղություններով, որոնք վերջին 12 ամսվա ընթացքում չեն սպասարկվել, չվերթ կբացվի, այդ ուղղություններով օդի տուրքը կհանվի:

Շատ կարևոր է արձանագրել, որ սա վերաբերում է բոլոր, առանց բացառության, բոլոր ավիաընկերություններին: Այսինքն՝ սա մի ավիաընկերության հետ կայացված պայմանավորվածություն չէ:

Իհարկե, որևէ կասկած չկա, որ այս փոփոխությունն իր հետևից բերելու է շատ լուրջ տեղաշարժեր մեր ավիացիայի շուկայում, և որևէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ սպառողի, հօգուտ մեր քաղաքացիների և, իհարկե, հօգուտ մեր տնտեսության, որովհետև տուրիզմը մինչև այս էլ դինամիկ զարգացող տնտեսության ճյուղ էր, և սրանից հետո ավելի դինամիկ է զարգանալու:

Շատ կարևոր է, որ մենք մեր ռազմավարական պատկերացումների կապակցությամբ լինենք հետևողական և երբեմն, ինչպես հետո ժամանակն է ցույց տալիս, անիմաստ աղմուկ-աղաղակներին չհետևենք և հետևողական գնանք մեր ռազմավարական որոշումների հետևից, որովհետև այս փորձը ցույց է տալիս, որ արդյունք լինելու է:

Եկեք արձանագրենք, որ ի սկզբանե, երբ խոսակցություն գնում էր այս մասին՝ շեշտադրումներն այն էր, որ սա չի լինելու, անիմաստ աղմուկ է, ինչի բյուջեի փողերը ծախսում են, գնում են գործուղումների և այլն:

Այնպես որ արձանագրենք՝ հաստատակամությունը որոշումները մինչև վերջ տանելու առումով շատ կարևոր է կառավարման համակարգում»:

Կիսվել էջում