Մամուլ

ԲԴԽ-ն գտե՞լ է դատավորի, որը համաձայնել է ապօրինի վճիռ կայացնել Դավիթ Գրիգորյանի գործով

ԲԴԽ-ն գտե՞լ է դատավորի, որը համաձայնել է ապօրինի վճիռ կայացնել Դավիթ Գրիգորյանի գործով

News.am-ը գրում է․ Շուրջ մեկ տարի տևած նախաքննությունից հետո ՀՀ ՀՔԾ-ն հայտարարություն տարածեց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտելու մասին։

Հրապարակվեց հաղորդագրություն ինչ-որ դատական նիստի հետաձգման մասին արձանագրության վերաբերյալ, որը ըստ ՀՔԾ-ի կազմվել է առանց դատական նիստ սկսելու, թեև կարծես հաղորդագրությունից էլ ստացվում էր, որ այդ նիստն իրոք հետաձգվել է։

Ինչևէ մեր ունեցած տեղեկությունների համաձայն, թե ՀՔԾ-ում, թե դատախազությունում, թե դատական համակարգում բոլոր մասնագետները միակարծիք են, որ այդ գործը ենթակա է կարճման, իսկ Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը իրավական առումով դատարկ է։

Շատերը համոզված են, որ դատավորին մեղսագրվող գործողություններն առհասարակ հանցակազմ չեն պարունակում, մյուսները կարծում են, որ եթե անգամ հանցակազմի տարրեր լինեին, ապա դա հանցագործություն չի կարող համարվել, քանի որ հետևանք չունի, իրենից հանրային վտանգավորություն չի ներկայացնում։

Ավելին, արդեն առկա է ուժի մեջ մտած վերաքննիչ դատարանի որոշում այն մասին, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցումն ու դրան հետևած հետապնդումն ապօրինի են։

Այս առումով բարդ իրավիճակում է հայտնվել Բարձրագույն դատական խորհուրդը, քանի որ դատավորները հրաժարվում են ապօրինի դատել իրենց գործընկերոջը։

Բայց մեզ հասած տեղեկություններով, ԲԴԽ-ին հաջողվել է գտնել ելքը, երկար փնտրտուքից հետո, նրանք գտել են մի դատավոր հեռավոր Սյունիքի մարզում, ով համաձայնվել է ապօրինի դատավճիռ արձակել Դավիթ Գրիգորյանի գործով, որի դիմաց պահանջել է իրեն տեղափոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

Այդ դատավորն ըստ շրջանառվող լուրերի Մանվել Շահվերդյանն է, ով 2002 թվականին ավարտել է «Հայբուսակ» համալսարանի տնտեսաիրավագիտական բաժինը, իսկ 2009 թվականին Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, աշխատել է դատավորի օգնական, ապա դատական դեպարտամենտում։

2019 թվականի նոյեմբերի 29-ին նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ դեկտեմբերի 22-ին 6 ամսով գործուղվել Սյունիքի մարզ։

Ինչևէ հետևենք դատավոր Մանվել Շահվերդյանի տեղափոխություններին, ու հասկանանք, թե արդյո՞ք նա է այն անձը, ով կգերադասի Երևան քաղաքում աշխատանքը դատավորի երդումից, թե ոչ։

Կիսվել նյութով