Աշխարհ

Բայդենը պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել

Բայդենը պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ վարչակազմը սպասում էր, որ Ռուսաստանը կճանաչի Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը և պատրաստ է անմիջապես արձագանքել այդ քայլին, երկուշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել՝ կապված Ռուսաստանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչման հետ, հայտնում է ТАСС-ը։

Փաստաթղթով արգելվում է ամերիկացիներին՝ ֆինանսավորում ու ներդրումներ կատարել Դոնեցկում ու Լուգանսկում, արգելում է այնտեղից ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեխնոլոգիայի ուղղակի կամ անուղղակի մուտքն ԱՄՆ, ԱՄՆ-ից կամ ԱՄՆ քաղաքացու կողմից ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեխնոլոգիայի արտահանումը, վաճառքը կամ մատակարարումն այդ հանրապետություններ:

joe biden

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում ասել է, որ անհրաժեշտ է համարում ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունն անհապաղ ճանաչելու որոշում կայացնել, «քանի որ արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին բռնածները չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության այլ լուծում, բացի ռազմականից»։

«Մենք ակնկալում էինք նման քայլ Ռուսաստանի կողմից և պատրաստ ենք անմիջապես արձագանքել: Նախագահ Բայդենը շուտով հրաման կարձակի, որը կարգելի ամերիկացիների կողմից ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը Ուկրաինայի՝ այսպես կոչված ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի շրջաններում»,- ասել է Փսակին, որի հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տունը։

Նա հավելել է, որ մոտ ապագայում ԱՄՆ վարչակազմը կընդունի «լրացուցիչ պատժամիջոցներ՝ կապված Ռուսաստանի կողմից միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումների հետ»։

Փսակին ավելացրել է, որ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելուց հետո Վաշինգթոնը շարունակում է սերտ կապի մեջ մնալ իր դաշնակիցների և գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ:

Կիսվել նյութով