Մամուլ

Արտակարգ դեպք ինքնաթիռում․ 30-ամյա կինը թռիչքի ժամանակ ծննդաբերել է

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգի բժիշկները ծննդաբերություն են ընդունել ինքնաթիռում։ 30-ամյա կինը ծննդաբերել է թռիչքի ընթացքում, իսկ այժմ նա և նորածինը գտնվում են ծննդատանը։ Նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնել է Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգի կառավարության պաշտոնական ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Նովի Ուրենգոյի 30-ամյա բնակչուհին Կրասնոյարսկից վերադառնում էր տուն։ Կինը Կրասնոյարսկում արձակուրդում էր եղել, սակայն թռիչքի ընթացքում նրա մոտ սկսվել են ծննդաբերական ցավեր։

Հղի կնոջն առաջին օգնությունը ցուցաբերել են ինքնաթիռի բորտուղեկցորդուհիները։ Ինքնաթիռի անձնակազմը իրավիճակի մասին անմիջապես տեղեկացրել է ժամանման օդանավակայանի աշխատակիցներին, որպեսզի վայրէջքից հետո կնոջը հնարավոր լինի արագ բուժօգնություն տրամադրել։

Օդանավակայանում ինքնաթիռին արդեն սպասել են բուժաշխատողները։ Կնոջը զննելուց հետո բժիշկները որոշել են, որ անհրաժեշտ է ծննդաբերությունն ընդունել հենց ինքնաթիռում։

Ծննդաբերությունը հաջող է անցել։ Կինը լույս աշխարհ է բերել տղա երեխայի՝ 51 սանտիմետր հասակով և 2980 գրամ քաշով։ Մայրն ու երեխան այնուհետև տեղափոխվել են ծննդատուն, որտեղ բժիշկները շարունակել են նրանց հսկողությունը։

Իշխանությունների փոխանցմամբ՝ սա կնոջ երրորդ երեխան է։ Ընտանիքում արդեն մեծանում են ևս երկու երեխաներ՝ երեք և հինգ տարեկան։

Բժիշկների գնահատմամբ՝ մոր և նորածնի վիճակը կայուն է, նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

Կիսվեք ձեր էջում