Մամուլ

Ավտովթար Դոմուսի մոտ, մինչ պարեկների ժամանումը ավտոմեքենաներից մեկի վրայից համարանիշները հանել էին

Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 20/8 հասցեի մոտ՝ «Դոմուս» խանութի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Արման Մ․-ի վարած «Toyota» մակնիշի և 68-ամյա Սերգեյ Դ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Մկրտչյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաներից «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ «Volkswagen»-ը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։Մինչ պարեկների ժամանումը «Toyota»-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն պարեկների հորդորով դրանք դրել են տեղը։

Կիսվեք ձեր էջում