Մամուլ

Անմեղ տեղը գլխներիս լուտանքներ թափվեցին, դարձրին ծաղրի առարկա. Արմավիրի դպրոցի տնօրեն

Անմեղ տեղը գլխներիս լուտանքներ թափվեցին, դարձրին ծաղրի առարկա. Արմավիրի դպրոցի տնօրեն

Hraparak.am-ը գրում է․ Թումանյան ու Սևակ արտասանելով` Արմավիրի 8-րդ դպրոցի տնօրենին գիրք նվիրելու միջոցառումը, որն ուղեկցված էր տնօրենին ուղղված հաճոյախոսություններով, սուր քննադատության ենթարկվեց համացանցում։ Ուսուցիչները, որոնք միջոցառումը կազմակերպել, իրենք էլ նկարահանել ու տեղադրել էին կրթօջախի ֆեյսբուքյան էջում, անհարմար դրության մեջ են հայտնվել, բայց ավելի վատ վիճակում է տնօրեն Աննա Խաչատրյանը, որին ֆբ հանրությունը «մեղադրում» է քծնանք սերմանելու և դրան տոն տալու մեջ։

«Ի՞նչ քծնանքի մասին է խոսքը․ դա փոխադարձ վերաբերմունք է․ ես իրենց եմ հարգում և մեծարում, իրենք էլ՝ ինձ։ Չէ՞ որ ես էլ իրենց համար արտասանեցի ու գիրք նվիրեցի, պարզապես դա դուրս էր մնացել հոլովակից։ Եւ հետո, այդ միջոցառումը շարունակություն ունեցավ նաև աշակերտների միջավայրում․ ասմունք ու գրքերի փոխանակում եղավ նաև այդ ձևաչափով»,- մեզ հետ զրույցում ասաց Աննա Խաչատրյանը։

Վերջինս չի պատկերացրել, որ հոլովակը նման արձագանք կունենա։ Ասում է՝ յուրաքանչյուր միջոցառում նկարում-հանրայնացնում են, բայց նման վերաբերմունքի առաջին անգամ են արժանանում։ «Ասմունքով գիրք նվիրելու ձևաչափը մեթոդ միավորման հերթական ծրագիրն էր, որով պետք է առաջնորդվեն՝ երեխաների հետ աշխատելիս։ Բայց հասարակությունը ճիշտ չընկալեց։ Երևի սխալը մենք էինք, որ հանրայնացրինք։ Սա մեզ դաս եղավ։ Այսուհետև ավելի զուսպ կլինենք, միջոցառումները կխմբագրենք, նոր կտեղադրենք կայքում»։

Բարձրացած աղմուկը Աննա Խաչատրյանի կարծիքով՝ հանիրավի է․ ուսուցիչների լավ գործը թուքումուրի է արժանացել՝ ինչ-որ մեկի «թեթև» ձեռքով։

«Չեմ կարող ասել՝ ում էր սա պետք, բայց ուզած աղմուկը ստացավ։ Միայն չեմ հասկանում որն էր ուսուցիչների մեղքը․որ ասմունքո՞ւմ էին։ Գուցե այն, որ իմ կաբինետում, իմ ներկայությա՞մբ էին ասմունքում։ Բայց չէ՞ որ ես էլ էի արտասանում, ի՞նչ կա դրա մեջ։ Եթե մտնեք մեր գրադարան, կտեսնեք, որ ազատ ժամերին կարդում են, արտասանում, դրանում  վատ բան կա՞։

Անմեղ տեղը գլխներիս լուտանքներ թափվեցին, դարձրին ծաղրի առարկա։ Գիտե՞ք՝ բարոյահոգեբանական ինչ ծանր վիճակում ենք հայտնվել։ Ծնողներն անընդհատ զանգում են, ուզում են՝ թույլ տամ պատասխանել մեկնաբանություններին, չեմ թողնում։ Էլի եմ ասում՝ թող որևէ մեկը կատարվածի մեջ քծնանք ու շողոքորթություն չփնտրի։ Սա մի ընտանիք է, որտեղ իրար սիրում ու հարգում են»,-ասաց տնօրեն Խաչատրյանը։

Արմավիրի դպրոցներից մեկի մի տնօրեն էլ, որ խնդրեց անունը չհրապարակել, տեսագրությունը վատ լույսի տակ ներկայացնելը դիտավորություն որակեց։ «Հերթական հարձակումն է կրթական հաստատության վրա։ Դպրոցի և ուսուցչի նկատմամբ վերաբերմունքի նշաձողն այնքան են իջեցրել, որ՝ ով չի ալարում՝ ծաղրում ու հեգնում է։

Եթե այդքան սրտացավ եք՝ ուսուցչի թույլ տված «սխալը» մի տարածեք, մի չարախնդացեք, ընդհակառակը՝ ձեռքը բռնեք, որ սխալ չանի, արգելեք, որ այլևս չհաճոյանա վերադասին, դպրոցի կողքին եղեք, այլ ոչ թե կողքից նայեք ու քարկոծեք։ Իսկ ինչ վերաբերում է միջոցառմանը՝ չեմ կարող ասել ամենալավ ձևաչափն էր, բայց մարդիկ վատ բան չէին արել․ ասմունքել էին, գիրք նվիրել։ Ի՞նչ շողոքորթության մասին է խոսքը․․.Մի լուսավոր տեղ է մնացել, գոնե դա՛ մի վատաբանեք»։

Զրուցակիցս ցավում է, որ «թավշյա» Հայաստանի կրթական համակարգը դպրոցից վանում է  լավագույն մասնագետներին։ Ըստ նրա՝ հանրակրթական ոլորտը ծանրացել է հաշված թվով նվիրյալների ուսերին, որոնք հնարավորն անում են՝ գոնե երեխային դպրոցից չվանելու համար։ «Այնպես որ՝ վատաբանելու և սվիններով ընդունելու փոխարեն, սեր ու ջերմություն տվեք։ Չէ՞ որ այստեղ յուրաքանչյուրիդ երեխան է կրթվում»։ 

Կիսվել էջում