Մամուլ

Անդրանիկ Մարգարյանի մահը․ Արմեն Աշոտյանը ներկայացնում է նոր մանրամասներ․ բացառիկ

«Tete A Tete» հաղորդման հյուրն էր Հանրապետական կուսակցության փոխնախագահ, նախկին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական և անձնական մի շարք թեմաների։ Առանձնահատուկ ուշադրություն է գրավել Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վերաբերյալ հատվածը։

Աշոտյանը հիշեցրել է, որ 2007 թվականի մարտի 25-ին տեղի ունեցած դեպքի պաշտոնական վարկածով Մարգարյանի մահվան պատճառը սրտի կաթվածն էր, սակայն այդ ժամանակ շրջանառվել են նաև տարբեր խոսակցություններ ու ենթադրություններ, այդ թվում՝ նրա հնարավոր սպանության մասին։

Նրա խոսքով՝ ինքը ցանկացել է անձամբ ներկա գտնվել դիահերձմանը՝ որպես դատաբժշկական կրթություն ունեցող մասնագետ, որպեսզի համոզվի, որ տարածվող խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Դա արեցի հանուն իմ ներքին հանգստության»,– նշել է Աշոտյանը։

Զրույցում նա նաև խոսել է Անդրանիկ Մարգարյանի մարդկային կերպարի մասին՝ ընդգծելով նրա համեստությունն ու անմիջական վարքագիծը։

Աշոտյանի խոսքով՝ նույնիսկ վարչապետի պաշտոնում Մարգարյանը պահպանել է պարզ կենսակերպ և շփվող բնավորություն։

Նա հիշել է, որ աշխատանքային օրվանից հետո Մարգարյանը վերադառնում էր տուն, փոխում հագուստը և շփվում հարևանների հետ՝ մնալով բնական և անկաշկանդ մարդ։

Կիսվեք ձեր էջում