Մամուլ

Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»

Armtimes.com-ը գրում է․ Եվ այսպես, հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը կառավարությանն անհատույց նվիրաբերել է 18,5 միլիոն դոլար։ Այս փաստը միանշանակ չի ընկալվել հասարակության կողմից, որովհետեւ դրան զուգահեռ Սաշիկ Սարգսյանի փաստաբանները հայտարարել են, թե իրենց պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքները։

Ու բնականաբար հարց է ծագում՝ բա եթե մեղքը չի ընդունում ու շարունակում է պնդել, որ ազնիվ ճանապարհով է հարստացել, որպես ի՞նչ է 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»։ Թե՞ հույս ունի, որ կարող է ամբողջը փրկել՝ «ինքնակամ» զոհաբերելով մի մասը։ Կամ գուցե բացառիկ հայրենասեր մարդ է եւ ուզում է այս դժվարին պահին օգնության ձե՞ռք մեկնել պետությանը։

Ռոբերտ Քոչարյանի որդին էլ իր հերթին է իր նկատմամբ առաջ քաշված մեղադրանքները համարում շինծու եւ անգամ մտադիր է դատի տալ ԱԱԾ-ին։ Կհաջողվի իրավապահներին դատարանում հիմնավորել այդ մեղադրանքները, թե ոչ՝ այլ հարց է, բայց փաստորեն քարոզչական մանիպուլյացիաների միջոցով փորձ է արվում հասարակությանը համոզել, թե գիտե՞ք ինչ, լրիվ նորմալ է, որ նախագահի որդին ազնիվ աշխատանքով միլիոնատեր է դարձել, մյուս նախագահի եղբայրներն ազնիվ աշխատանքով մուլտիմիլիոնատերեր են դարձել, ի՞նչ կա այստեղ կասկածելու։ Իրենք մեղավո՞ր են, որ բոլորն անխտիր տաղանդավոր գործարարներ են։ Կարեւորը, որ «թղթերով ամեն ինչ կարգին է»։

Ռոբերտ Քոչարյանի մոտ էլ էր թղթերով ամեն ինչ կարգին։ 1998-ին մարդը նույնիսկ տեղեկանք էր ներկայացրել, որ վերջին տասը տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։ Սերժ Սարգսյանի մոտ էլ էր թղթերով ամեն ինչ կարգին։ Ինքը ի՞նչ մեղավոր է, որ ինչքան ազգական ու մանկության ընկեր ուներ՝ բոլորը դարձան միլիոնատերեր, ինքը ի՞նչ մեղավոր է, որ ընտրությունների ժամանակ ինչ-որ մութ ուժեր իրեն արջի ծառայություն էին մատուցում, նախագահական երկրորդ ժամկետի ավարտից առաջ էլ իր կամքին հակառակ Սահմանադրությունը փոխեցին ու հետո իրեն վարչապետ ընտրեցին։ «Փաստաթղթերով» ինքն այդ ամենին դեմ էր։

Բայց վերադառնանք ապօրինի հարստացմանն ու հարուցված քրեական գործերին։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով