Քոչարյանի ավագ որդուն մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և հարկերից խուսափելու համար

ԱԱԾ-ն հայտնում է, որ քրեական գործի շրջանակներում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

Ըստ գործի նյութերի, Քոչարյանի որդին, իր հիմնադրած ՍՊԸ–ներից մեկի պատասխանատու աշխատակիցներին հրահանգել է հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնել` առանձնապես խոշոր չափերով եկամտային հարկ չվճարելու նպատակով։ Բացի այդ, գումարի ծագումը թաքցնելու համար կատարել է մի շարք բանկային փոխանցումներ և այդ գումարով գույք ձեռք բերել։

Սեդրակ Քոչարյանն իր ընտանիքի մյուս անդամների հետ փոխկապակցված ընկերությունների միջև մի շարք գործարքներ է կնքել, որով թաքցրել է բյուջե չվճարված հարկի գումարի իրական ծագման աղբյուրը և այն դրել է շրջանառության մեջ։ Քոչարյանն այն միախառնել է իր բանկային հաշվին եղած 5.682.960 ԱՄՆ դոլարի հետ և օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, փոխարկման, այդ եկամուտները «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու գործարքի միջոցով։

Սեդրակ Քոչարյանը առաջադրված մեղադրանքը 2rd.am-ին տված հարցազրույացում որակել է «շինծու»։

«ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում և, իբր, հարկերից խուսափում ու որպես խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունն է կիրառել: Այսինքն, մեծ հաշվով, կարող էին և կալանավորել, այդ իսկ պատճառով էլ նման լուրեր էին տարածվել:

Չեմ թաքցնում. տեղի ունեցողն ինձ առանձնապես չի զարմացնում: Նիկոլ Փաշինյանը վաղուց է սևեռված մեր ընտանիքի վրա, դեռևս լրագրողական գործունեության տարիներից։ Իսկ հատուկ ուժգնությամբ՝ այն պահից, երբ բախումներ սադրելով փախավ մարտիմեկյան հրապարակից՝ իրեն հավատացած մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին»,- ասել է Սեդրակ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ հայտնի գաղտնալսման հրապարակումից հետո ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ասաց, որ իրենք փաստեր ունեն, որ «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ այդ սխեման կապված է Քոչարյանի ընտանիքի հետ:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...