Մամուլ

Էջմիածնի քաղաքապետը դիմելու է դատարան․ ներողություն և փոխհատուցում է պահանջում

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր հասցեին հնչած վիրավորանքների համար դիմելու է դատարան։ Քաղաքապետն այս մասին գրել է Ֆեյսբուքյան իր էջում։

«Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Մարտիրոսյանն իր անձնական էջում, ինչպես նաև մի շարք այլ էջերում պարբերաբար հանդես է գալիս ինձ ուղղված վիրավորական արտահայտություններով, որոնց երկար ժամանակ փորձել եմ ուշադրություն չդարձնել՝ ցուցաբերելով հանդուրժողականություն:

Այնուամենայնիվ, քանի որ վիրավորանքներն անցել են բոլոր թույլատրելի սահմանները, հայտարարում եմ, որ այսուհետ յուրաքանչյուր վիրավորանքի և զրպարտության դեպքով հետամուտ եմ լինելու իմ իրավունքների պաշտպանությանը՝ օգտագործելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր մեխանիզմները:

Այսպես, իմ կողմից գրություն էր ուղարկվել Կարինե Մարտիրոսյանին՝ առաջարկելով ներողություն խնդրել իր գրառումներից մեկում օգտագործված «անամոթ», «անլվա», «ստախոս» բառերի համար, որին ի պատասխան այդ կինը հանդես է եկել մեկ այլ՝ ավելի շատ վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ (ներկայացվում է ստորև):

Այսպես, հայտնում եմ ձեզ, որ պատրաստվում եմ դիմել դատարան՝ իմ հասցեին հնչեցված «անլվա կենդանի», «կենդանաբնազդ Դիանիկ», «ամոթից զուրկ», «աներես անզգամ կենդանի», «գարշահոտ աղբ», «չկա աշխարհում այնպիսի լպրծուն սողուն, որը դու ես», «գարշափնթի կերպար» և այսօրինակ բոլոր վիրավորանքների համար՝ պահանջելով հրապարակային ներողություն և փոխհատուցու։

Քաղաքապետը նշել է, որ որպես փոխհատուցում տրամադրված գումարը մինչև վերջին լուման պատրաստվում է ուղղել Էջմիածին քաղաքի մանկապարտեզներին։

«Որքան շատ լինեն նման դեպքերը, այնքան շատ գումար կուղղվի մեր մանկապարտեզներին, այնպես որ, կարող եք շարունակել նույն ոգով»․- հավելել Գասպարյանը։

էջմիածնի քաղաքապետ
Կիսվել էջում