Մամուլ

Դիրքերում քնելու համար «քֆուր են դրել»․ զինվորին ինքնասպանության են հասցրել

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել։

Hraparak.am-ը գրել է․ «Մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ստացել ողբերգական պատահարի հետ կապված. զինծառայողը արցախցի է` Քարվաճառից։

Մեր հրապարակումից հետո Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել և նշել, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին:

Ընթանում է քննություն, հարուցվել է վարույթ անզգուշորեն ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Մենք տեղեկացանք, որ զինվորին ինքնասպանության հասցնելու պատճառը դիրքերում քնելն է եղել:

Մեր աղբյուրի խոսքովբանակում «քֆուր դնելու» ավանդույթ է ձևավորվել:

Այնքան բարձիթողի վիճակ է տիրում բանակում, որ դիրքերում չքնելու համար զինվորներն իրար վրա «քֆուր են դնում»:

Ով քնեց դիրքերում «ես նրա մերը» տիպի:

Բայց դիրքապահ զինվորները հոգնում են, ֆիզիկապես ամուր չեն եւ պատահում է, որ անկախ իրենց կամքից քնում են, ինչի հետևանքով էլ առաջանում են լուրջ վիճաբանություններ, սպանություն, ինքնասպանության հասցնել և այլն:

Մեր աղբյուրի պնդմամբ` սա առաջին դեպքը չէ, երբ բանակում «քֆուր դնելու» հողի վրա զինվորին հասցնում են ինքնասպանության, էլի են նման դեպքեր եղել:

Ի դեպ, ծնունդով արցախցի զինվորը երկու տարի առաջ էր Արցախից ընտանիքի հետ միասին տեղափոխվել Էջմիածնի Արտիմետ գյուղ և ապրում էր այնտեղ:»

Կիսվեք ձեր էջում