1 ձայնին՝ 10.000, ակտիվիստներին վճարվելիք գումար՝ 34 մլն դրամ․ դատախազը ներկայացրեց Ծառուկյանի վերաբերյալ միջնորդագիրը
1 ձայնին՝ 10.000, ակտիվիստներին վճարվելիք գումար՝ 34 մլն դրամ․ դատախազը ներկայացրեց Ծառուկյանի վերաբերյալ միջնորդագիրը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ամբիոնից ներկայացրեց միջնորդագրի բովանդակությունը։
Այնտեղ մասնավորապես նշված էր, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու, կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտում հարուցված գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց 2019 թվականին նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների կայացմանը՝ կազմակերպելով բազմաբնակարան շենքերի շինությունների կառուցապատման համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանք, փաստաթղթերի անխոչընդոտ ստացման գործընթացը՝ դրան նպաստելու համար կապ հաստատելով Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաեւ իր իրավասության մեջ մտնող անհրաժեշտ փաստաթղթերի առավել արագ ձեւակերպումը եւ անարգել տրամադրումը։
«Նախաքննությամբ պարզվել է, որ շինարարական ու կառուցապատման աշխատանքներ իրականացնող «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահը, նպատակադրվելով ստանալ «ՀՀ վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը, իր ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն 379 հազար 950 դրամին համարժեք՝ 5000 դոլար կաշառք է տվել ՀՀ քաղշինության կոմիտեի նախագահին»,- հայտնեց դատախազը։
Սույն քրեական գործի ընթացքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաեւ այլ առարկաներ եւ փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, հայտնաբերելու նպատակով «Երեւանշին» ՍՊԸ-ում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են «Հաշվետվություն» վերտառությամբ փաստաղթղեր, Գեղարքունիքի մարզի տարբեր ընտրատեղամասերում 2017 թվականին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, որը ներառված էր «Ծառուկյան» դաշինքի մեջ, նախընտրական միջոցառումների, դրանց ծախսերի, ներառյալ՝ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։
Մասնավորապես՝ փաստաթղթերում առկա են հետեւյալ գրառումները․ «Օրինակ՝ Գեղարքունիքի մարզ, ընտրական տարածք համար 8, 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներ, «01․02․2017-02․04․2017 ժամանակահատվածի համար շտաբների մոտավոր ծախսերի ցանկ» վերտառությամբ փաստաթղթում առկա է 5 աղյուսակ, որոնցից 3-րդում եւ 4-րդում առկա են հետեւյալ գրառումները․
«Մեկ ակտիվիստ, 50 ձայն, մարտ ամսվա համար 50 հազար դրամ, 15 հազար ընտրող եւ գումարի բաշխումը։ 4 թվով համարակալված «Գեղարքունիքի մարզ, ընտրական տարածք թիվ 8, ԱԺ ԲՀԿ պատգամավորների ընտրությունների եւ 2017 թվականի նախնական ընտրողների թիվը» վերնագրով փաստաթղթում առկա է ցուցակ, որտեղ առկա են մարզի համայնքների անունները, շտաբների քանակը եւ աղյուսակի վերջին սյունակում գրված է․ «2017 թվականին քվեարկողների նախնական համաձայնեցված թիվ, ԲՀԿ եւ այլ թվեր։
Դավթյանը ներկայացրեց եւս մեկ փաստաթղթի տվյալներ, որում մասնավորապես նշված է՝ «Գեղարքունիքի մարզ, ընտրական տարածք համար 8, 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներ, նախնական քարոզարշավի ժամանակ հաշվետվություն՝ 17.194 ընտրողի համար 40 տոկոս կորստով ձայն»։
Այս փաստաթղթում առկա է 13 կետից բաղկացած աղյուսակ, որի առաջին սյունակում գրված է․ «Ծառուկյանի հանձնարարությամբ Աբրահամյանին 4 միլիոն 600 հազար դրամ, երրորդ աղյուսակում՝ 17.194 ընտրողի համար ակտիվիստներին վճարվելիք գումար՝ 34 միլիոն դրամ» եւ այլն։
Աղյուսակից հետո գրված է՝ 1 ձայնին վճարված գումար՝ 10 հազար դրամ, 17.194 քվեի համար վճարվել է 10 հազար դրամ յուրաքանչյուրին, 171 միլիոն 940 հազար դրամ ընդհանուր արժեքով։
Տեսանյութը ստորև